Նախարար. ՀԷՑ-ը չի կարող էլէներգիա չմատակարարել

Նախարար. ՀԷՑ-ը չի կարող էլէներգիա չմատակարարել

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու իրավասություն չունի: Այս մասին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ հավելելով.

«Ես նամակի բովանդակությանը ծանոթ չեմ: Բիբինը չի կարող նման բան անել` էլեկտրաէներգիա չմատակարարել։ Բիբինը իրավասություն չունի, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնի», – ասել է նախարարը, մեջբերում է «Ժողովուրդ» թերթը։

Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 17-ի նիստում տեղեկացրել է, որ նախօրեին Բիբինը գրություն է հղել հանձնաժողովին՝ նշելով, որ նախագծի ընդունման և էլեկտրաէներգիայի սակագնի՝ 17 դրամով չբարձրացվելու պարագայում ընկերությունը չի կարողանա հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հուսալիությունը և իրականացնել լիցենզիայով նախատեսված իր պարտականությունները՝ անհրաժեշտ ներդրումների ծավալով։ Գրության մեջ նաև նշվել է, որ սակագների հաստատումից հետո ընկերությունը դիմելու է ՀԾԿՀ՝ իրենց լիցենզավորման հեռանկարները քննարկելու համար: Ըստ Բիբինի՝ իրենց սակագինը տնտեսապես հիմնավորված է և հետևաբար, կոչ է արել՝ լավ գիտակցել կայացրած որոշման կարևորությունն ու ազդեցությունը:

Միևնույն ժամանակ «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ Ազգային ժողովի հունիսի 18-ի արտահերթ նիստում առաջարկել է պետության և ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար Բիբինին ճանաչել անցանկալի անձ (Persona non grata), հաղորդում է Հանրային ռադիոն:

Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:

Բիբինը ներկա չի գտնվել ՀԾԿՀ հունիսի 17-ի նիստում: Սա առաջին դեպքն էր հանձնաժողովի գործունեության ընթացքում, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացրել սակագինը բարձրացնելու մասին ու չի ներկայացել նիստին:

Կարդացեք նաև՝Էլէներգիայի սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա. ՀԷՑ-ի հայտը մասնակի բավարարվել է

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---