Էլէներգիայի սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա. ՀԷՑ-ի հայտը մասնակի բավարարվել է

Էլէներգիայի սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա. ՀԷՑ-ի հայտը մասնակի բավարարվել է

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը հունիսի 17-ի նիստում մասնակի բավարարել է էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեցին էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը։ Նիստին մասնակցում էին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ։ Քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև, նիստի մասնակիցներին ընձեռնվել էր սեփական առաջակությունները գրավոր, բանավոր ելույթներով ներկայացնելու հնարավորություն։ Նիստին ներկա էին նաև Հայաստանում էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների ղեկավարները, սակայն բացակայում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Եվգենի Բիբինը։

Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող մի շարք ընկերություններ մայիսին դիմել էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաքվող էլեկտրաէներգիայի և հզորության ամսական վճարի վերանայման նպատակով։ Ընկերությունները մատնանշում էին տարբեր ոչ բարենպաստ պայմանների արդյունքում իրենց կրած ֆինանսական խոշոր վնասները․ մասնավորապես՝ ջերմաէլեկտրակայանների վնասները պայմանավորված էին դրամի արժեզրկմամբ և գազի սակագնի բարձրացմամբ, ՀԷԿ-երինը՝ սակավաջրությամբ, իսկ ԱԷԿ-ի հայցը պայմանավորված էր 4-րդ գեներատորի վերանորոգման համար աշխատանքները 88 օրով դադարեցնելով։ Նույն այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնի վերանայման հայցով հանդես եկան բաշխիչ ցանցերը, և, որպես այս ամենի ամփոփում՝ վերջնական արտադրանքը սպառողին վաճառող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։

Վերջինը, հաշվարկելով իր կրած վնասները և իրականացվելիք աշխատանքների, ինչպես նաև ֆինանսական ճեղքվածքի փակման համար ներգրավված վարկային միջոցների սպասարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջարկել էր Հանձնաժողովին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով՝ դարձնելով, համապատասխանաբար, 58 և 48 դրամ ցերեկային ու գիշերային սպասարկման դիմաց։

Հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին որոշման նախագիծը։ Անդրադառնալով ՀԷՑ-ի հայցին՝ նա նշեց, որ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 17 դրամով սակագինը բարձրացնելու հայցը հիմնավորված չէ, քանի որ, ըստ հաշվարկների, սակագնի բաձրացումը 6,93 դրամով կարող է հնարավորություն տալ կառույցին լուծել իր ֆինանսական խնդիրներն ու շարունակել նորմալ կենսագործունեությունը․ հետևաբար՝ որոշման նախագծում ներկայացված էր հենց այս ծավալի փոփոխություն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ նախօրեին Բիբինը գրություն է հղել Հանձնաժողովին՝ նշելով, որ իր ներկայությունն անհնարին է մի շարք հանգամանքների բերումով։ ՀԷՑ-ի ղեկավարը նշել էր, որ Հանձնաժողովի կողմից որոշման նախագծի ընդունման և էլեկտրաէներգիայի սակագնի՝ 17 դրամով չբարձրացվելու պարագայում ընկերությունը չի կարողանա հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հուսալիությունը և իրականացնել լիցենզիայով նախատեսված իր պարտականությունները՝ անհրաժեշտ ներդրումների ծավալով։

«Գրության մեջ նաև նշված է, որ սակագների հաստատումից հետո ընկերությունը դիմելու է ՀԾԿՀ՝ իրենց լիցենզավորման հեռանկարները քննարկելու համար: Ըստ Բիբինի՝ իրենց սակագինը տնտեսապես հիմնավորված է և հետևաբար, կոչ է անում՝ լավ գիտակցել կայացրած որոշման կարևորությունն ու ազդեցությունը: Սակայն մենք հավանություն չենք տվել իրենց ներկայացրած սակագնի զգալի մասին և բացատրել ենք պատճառները։ Լուրջ ուսումնասիրություններ են անցկացվել, և մեր հաշվարկները լիովին հիմնավորված են։ Այդուհանդերձ՝ առաջին անգամն է, որ լիցենզիա ունեցող ընկերությունը նման հայտ ներկայացնի և չմասնակցի քննարկմանը»,- շեշտեց Նազարյանը։

Նրա խոսքով՝ Հանձնաժողովի գլխավոր գործառույթն է՝ ճիշտ ազդակներ հաղորդել լիցենզավորված ընկերություններին, որպեսզի վերջիններս կարողանան իրենց լիցենզիայով սահմանված գործունեությունը լիարժեք իրականացնել։ Սակայն եթե ՀԷՑ-ի ղեկավարը փորձում է շանտաժով ինչ որ խնդիր լուծել, ապա Հանձնաժողովին միայն մնում է կրկին անգամ ապացուցել, որ ինքը հավատարիմ է միայն ու միայն իր վրա հասարակության կողմից դրված գործառույթներին։

«Սակագնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, և մեր ուսումնասիրության մեջ դրանք բոլորը հաշվի են առնվել։ Հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի ապահովման համար ընկերությունը պետք է նորմալ գործունեություն ծավալի, և մեր ներկայացրած որոշման նախագծում ներառված սակագնային փոփոխությունը տալիս է այդ հնարավորությունը»,- նշեց Հանձնաժողովի ղեկավարը։

Նիստին ներկա ՕԵԿ կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը իր ելույթում կոչ արեց Հանձնաժողովին՝ ընդհանրապես մերժել սակագնի փոփոխությունը, կամ հետաձգել այն։ Ի պատասխան՝ Ռ․ Նազարյանն ասաց, որ որոշման նախագծով ներկայացրած փոփոխությունը հաշվի է առնում այն նվազագույն ծախսերն ու մեծությունները, առանց որոնց անհնարին կլինի ապահովել համակարգի լիարժեք կենսագործունեությունը։ Վնասներ է կուտակել ոչ միայն ՀԷՑ-ը, այլև էլեկտրաէներգիա ատադրող ընկերությունները։

«Իհարկե, հասարակության համար սա խիստ զգայուն թեմա է՝ հաշվի առնելով սոցիալական իրավիճակը։ Սակայն մեկս մյուսին մեղադրելուց առաջ պետք է հասկանանք իրավիճակը ու յուրաքանչյուր կառույցի գործառույթները։ Սակագնի փոփոխությունը նոր բեռ կդառնա յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի համար։ Սակայն մեր, որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գլխավոր պատասխանատվությունն է՝ ընկերությունների համար ապահովել հուսալի և անվտանգ ֆինանսական գործունեություն, ինչից ուղղակիորեն կախված է մեր ազգաբնաչությանը մատուցվող ծառայությունների որակն ու հուսալիությունը»,- հավելեց Նազարյանը։

Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցերը, որոշեց սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները․0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում` բնակչության համար ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ/կՎտժ, գիշերայինը` 38.78 դրամ/կՎտժ։ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 37.28 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը՝ 33.28 դրամ/կՎտժ։ 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 39.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերայինը 35.78 դրամ/կՎտժ։ 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվում է 45.78 դրամ/կՎտժ, գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ։ Բոլոր սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։

Նշենք, որ ամբողջ քննարկման ընթացքում հանձնաժողովի շենքի առջև բողոքի ակցիա էր անցկացվում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։ Մասնակիցները հարվածում էին պատուհաններին, հավկիթներ նետում շենքի վրա, պահանջում դադարեցնել նիստը՝ բղավելով «Նազարյան իջի», «Կասեցում»: Ակցիայի ակտիվիստներից մեկը նիստի ավարտին ներկա գտնվեց և հանդես եկավ ելույթով՝ պահանջելով հետաձգել քննարկումը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---