ՀՀ և Ադրբեջանի 2016-ի ռազմական ծախսերը. Աննշան աճ հակամարտության սրման ֆոնին

ՀՀ և Ադրբեջանի 2016-ի ռազմական ծախսերը. Աննշան աճ հակամարտության սրման ֆոնին

PanARMENIAN.Net - Հայաստանի 2016-ի պետբյուջեի նախագծի համաձայն, պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 208.014 մլրդ դրամ` ընթացիկ փոխարժեքով մոտ $430 մլն:

Ռազմական պաշտպանությանը կհատկացվի 200.353 մլրդ դրամ, պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներին` մոտ 1.641 մլրդ դրամ: Եվս 5,5 մլրդ դրամ կհատկացվի ոլորտի մատակարարմանը:

2015-ին ՀՀ ռազմական բյուջեն 199.033 մլրդ դրամ էր` մոտ $417 մլն $1-ի դիմաց 477 դրամ փոխարժեքի պայմաններում. դրանից 191.687 մլրդ դրամը ծախսվել է ռազմական պաշտպանության վրա: Ոլորտի հետազոտական և նախագծային աշխատանքների համար ծախսվել է մոտ 1.616 մլրդ դրամ, ևս 5.5 մլրդ ծախսվել է պաշտպանության ապահովման մյուս դասերի վրա:

Այսպիսով, 2016-ին նախատեսվում է Հայաստանի պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացնել 4.5%-ով` դրամով հաշվելու դեպքում, կամ 3.1%-ով՝ դոլարային արտահայտմամբ:

Հայաստանը նաև մտադիր է մոտ $200 մլն-ի զենք գնել Ռուսաստանից` համապատասխան վարկը Մոսկվան հատկացրել է 2015-ի ամռանը: Երևանն արդեն հստակեցրել է անհրաժեշտ զենքի անվանացանկը:

Ադրբեջանի պաշտպանական ծախսերը 2016-ին կկազմեն մոտ 1.838 մլրդ մանաթ (մոտ $1.767 մլրդ): Ընդ որում, Ադրբեջանը հատկացվող գումարի մեջ բուն բանակի ու պաշտպանության համար ծախսերից բացի ներառում է նաև մի շարք այլ ուժային կառույցների ֆինանսավորումը՝ հատուկ ծառայություններից մինչև նախագահի թիկնապահներ, պետական օբյեկտների պահապաններ ու ոստիկանություն:

Հետևաբար,բանակի համար իրական ծախսերը հայտարարվածից շատ ավելի քիչ են: Գումարային առումով 2015-ին Ադրբեջանն իր ուժային կառույցների վրա ծախսել է մոտ 1.778 մլրդ մանաթ (մոտ $1.7 մլրդ բյուջեում հայտարարված $2.116 մլրդ փոխարեն), որից բանակի վրա կծախսվի մոտ 1,255 մլրդ մանաթ կամ $1.206 մլրդ: 2016-ին ուժային կառույցների վրա Բաքվի ծախսերը կաճեն 3.3% մանաթով կամ մոտ 3.5%` դոլարով հաշվարկելու դեպքում: Թե մասնավորապես ինչպես է բաշխվելու գումարը բուն բանակի, հատուկ ծառայությունների և ոստիկանական զորքերի միջև, դեռևս հայտնի չէ. ելնելով 2015-ի փորձից, կարելի է ասել, որ բանակի վրա կծախսվի գումարի մոտ 2/3-ը:

Երկու երկիրը զենքը գնում են հիմնականում Ռուսաստանից: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ է և գնում է ռուսական սպառազինությունն անմիջապես արտադրողից` շրջանցելով միջնորդին ի դեմս «Ռոսօբորոնէքսպորտ»-ին:

Վերջին շրջանում իրավիճակը լարված էր ինչպես հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին: Սեպտեմբերին Ադրբեջանը գնդակոծեց սահմանակից հայկական գյուղերը, որի արդյունքում զոհվեց 3 խաղաղ բնակիչ, 4-ը` վիրավորեց: Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը: Ադրբեջանը կիրառում էր խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակներ, ի պատասխան ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ևս կկիրառի հրետանի և հրթիռրներ:

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառկորդի կողմից հրադադրի ռեժիմի խախտման ինտենսիվությունը նվազել է` հոկտեմբերի սկզբից նվազել է հրաձգային զենքից գնդակոծությունների հաճախականությունը, ինչպես նաև ականանետերի ու նռնականետերի կիրառումը:

 Ուշագրավ
Ըստ պետքարտուղարի՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել»
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է