ՀՀ առաջարկով ՆԱՏՕ ԽՎ-ն կարող է աջակցել սիրիացի փախստականներին ընդունած երկրներին

ՀՀ առաջարկով ՆԱՏՕ ԽՎ-ն կարող է աջակցել սիրիացի փախստականներին ընդունած երկրներին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-12-ը նորվեգական Ստավանգերում տեղի է ունեցել ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը առաջարկություններ է ներկայացրել առանձին բանաձևերի վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Հոկտեմբերի 19-ին հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը լրագրողներին տեղեկացրել է, որ իրենց առաջարկությունները վերաբերել են սիրիական կոնֆլիկտի հետևանքով փախստականներ ընդունած գործընկեր պետություններին աջակցություն ցուցաբերելուն:

«Միայն Հայաստանը մոտ 17 հազար փախստական է ընդունել Սիրիայից: Ճիշտ է պետությունների անուններ չեն հնչել աջակցություն ցուցաբերոլու մասով, բայց մենք նման առաջարկ ներկայացրել ենք, որը ընդունվել է, և որևէ խնդիր չի եղել», - պարզաբանել է Նահապետյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովում ադրբեջանական պատվիրակությունը իրեն պահել է ինչպես միշտ, գրում է Panorama.am-ը:

«Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ավանդական դարձած իրենց ձևակերպումները և որևէ նոր բան չի հնչել: Պետք է նշել, որ նախագահողը ընդհատեց ադրբեջանական պատվիրակին, քանի որ օրակարգից դուրս հարց էր հնչում: Տպավորություն էր, որ բոլորը հոգնել էին նույնանման հայտարարություններ լսելուց», - նկատել է Նահապետյանը` ընդգծելով, որ ադրբեջանական պատվիրակությունը միայն այդ հանձնաժողովի նիստին է մասնակցել` անտեսելով նստաշրջանի աշխատանքները:

Ընդհանուր առմամբ, ըստ Նահապետյանի, ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքները Հայաստանի համար «եղել են բարենպաստ»: Հայաստանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ընդունել է մոտ 17 հազար սիրիացի փախստականի:

Ըստ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ուսումնասիրության՝ միայն 2 պետություն` Գերմանիան և Շվեդիան են ընդունել ավելի մեծ թվով սիրիացի փախստականների, քան Հայաստանը, մինչդեռ այս 2 պետություններն էլ դասվում են Եվրոպայի ամենաուժեղ տնտեսություն ունեցող երկրների շարքին, իսկ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը: Այդուհանդերձ, Հայաստանը մեկ բնակչի հաշվով ամենաշատ սիրիացի փախստականներ ապաստանած երկիրն է, քանի որ 1000 բնակչի հաշվով այն հյուրընկալել է 6 փախստականի`գերազանցելով Գերմանիային (1) և Շվեդիային (4):

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

Կարդացեք նաև՝ EuFoA. Եվրոպայում ՀՀ-ն 1 բնակչի հաշվով սիրիացի ամենաշատ փախստականներին ապաստանած երկիրն է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---