6 նոյեմբերի 2015 - 11:31 AMT
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի դիերը տեղափոխվել են ՀՀ. Միջադեպի 5 վարկած կա

Տուլայում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հինգ վարկած է առաջ քաշվել: Այս մասին նոյեմբերի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով ավտոբուսի տուժածներին և զոհերի դիերը տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավով Տուլայից ժամանել է Հայաստան:

«Ընթանում է քննություն, որից հետո կպարզվի իրական պատճառը: Առաջ է քաշվել վթարի հինգ վարկած, և այս պահին չպետք է շտապել եզրակացություն անել: Կոչ եմ անում սպասել քննության արդյունքներին: Վթարված ավտոբուսի վարորդին 3 օրով կալանավորել են, որպեսզի ավարտեն քննությունը, որից հետո պարզ կլինի, թե ինչ մեղադրանք կառաջադրվի նրան», - պարզաբանել է նախարարը, գրում է Tert.am-ը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

Անդրադառնալով հարցին, թե մինչ այս դեպքը մտահոգություն չունեին, որ չարտոնված, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներով ավտոբուսներ կան, ինչի հետևանքով էլ նմանատիպ վթարներ կարող են լինել, Բեգլարյանն ասել է, որ եթե մտահոգություն չունենային, ապա այսօր տրանսպորտի և կապի նախարարությունում պատրաստ չէր լինի նոր օրենքը, որը նոյեմբերի 19-ին կմտնի Կառավարության օրակարգ:

«Օրենքի մանրամասները կառավարության նիստից հետո կարող ենք ներկայացնել, որովհետև այս պահին քննարկման փուլում է», - ասել է նախարարը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ տասներկու տուժած երեք տարբեր հիվանդանոցից տեղափոխվեցին Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոց:

«Տեղափոխումը կատարվել է ուղղաթիռներով: Բոլոր հիվանդանոցներ այցելել ենք, երկու հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից մեկին այսօր վիրահատեցին: Բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո: ՀՀ առողջապահության փոխնախարարը շարունակում է մնալ նրանք կողքին», - ասել է նա:

նախարարն ասել է, որ Երևան տեղափոխվածներից չորսը պատգարակներով այս պահին շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողներին ՀՀ առողջապահության նախարարը հայտնել է վթարված ավտոբուսի ուղևորների առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ:

Նրա խոսքով՝ 10 հիվանդ Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է դիմել մինչև առավոտյան ժամը 9:00-ը, իսկ այն հիվանդները, ովքեր կարող էին բուժումը շարունակել տնային պայմաններում այս պահին արդեն դուրս են գրվել, ամբուլատոր կարգով 5 հիվանդ շարունակում է մնալ հիվանդանոցային պայմաններում, 12 հիվանդ շարունակում են իրենց բուժումը ՌԴ-ում:

Կարդացեք նաև՝ ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի

Մոսկվայում անսարքության պատճառով հետաձգվել է Երևան ուղևորվող 2 ավտոբուսի մեկնումը