ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի

ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի

PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ կատարվեն. մասնավորապես, արդեն շրջանառության մեջ է ուղևորափոխադրումների հետ կապված նոր օրենքի նախագիծը, որը ենթադրում է ավելի մեծ վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն՝ անդրադառնալով Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար: ՌԴ Ուզլովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին կալանավորել երկու ամսով:

«Օրենսդրությունն այս պահի դրությամբ ազատականացված է, որովհետև թույլ են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային տրանսպորտի ու կապի նախարարությանը վերահսկողություն սահմանել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ, այսինքն` հանված են թույլտվության լիցենզիայի մեխանիզմները», - ասել է Առաքելյանը, մեջբերում է Tert.am-ը:

Նախարարը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե պարտադիր լիցենզավորման, այլ՝ մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունքի մասին է, որը պետք է հնարավորություն տա ուղևորափոխադրում իրականացնել:

«Մինչ այդ մենք շարժվել էինք ավելի լիբերալ կանոններով, բայց գտնում ենք, որ պետք է մինչև դեկտեմբեր մի քիչ ուժեղացնենք վերահսկողությունը», - ասել է նա:

Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն, Առաքելյանը նշել է, որ դեռ հետաքննություն է ընթանում, և միայն հետաքննությունը կտա պատճառների մասին պատկերացում, որից հետո կարվեն համապատասխան հետևություններ:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:

Կարդացեք նաև՝ Մոսկվայում անսարքության պատճառով հետաձգվել է Երևան ուղևորվող 2 ավտոբուսի մեկնումը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---