6 նոյեմբերի 2015 - 13:01 AMT
2016-ին ՀՀ-ում հեպատիտը պետպատվերով չեն բուժելու

2016-ին հեպատիտի բուժումը ՀՀ-ում պետպատվերով չի իրականացվելու: Այս մասին նոյեմբերի 6-ին խորհրդարանում շարունակվող 2016-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

Նախարարն ասել է, որ հեպատիտ B և C հիվանդության բուժումը պահանջում է խոշոր գումարներ, որոնք Կառավարությունը չի կարող ապահովել բյուջեով: Նա մանրամասնել է, որ այդ հիվանդության բուժումը $15-20.000 արժե, կան նաև դեղեր, որոնցով բուժումը նույնիսկ $180.000-ի է հասնում:

«Մենք փորձում ենք ներգրավվել միջազգային ինչ-որ ծրագրերում, որոնք հնարավորություն կտան այս հիվանդության բուժման համար ինչ-որ քանակությամբ արդյունավետ դեղեր ստանալ», - ասել է Մուրադյանը, գրում է Aravot.am-ը:

Տարեկան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից ու քաղցկեղից: Մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` մոտ 240 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ B վիրուսով, 130-150 մլն՝ հեպատիտ C, տարեկան հայտնաբերվում է վարակի 3-4 մլն նոր դեպք: Հեպատիտ B-ի վիրուսը, որպես քաղցկեղի առաջացման պատճառ, ծխելուց հետո 2-րդ տեղում է: Այն կարող է առաջացնել լյարդի խրոնիկական բորբոքում՝ հեպատիտ, որն էլ հետագայում կվերածվի լյարդի ցիռոզի, իսկ որոշ դեպքերում նաև՝ քաղցկեղի: Աշխարհում մոտ 240 մլն մարդ է վարակված խրոնիկ հեպատիտ B-ով: Յուրաքանչյուր տարի մոտ 350.000 մարդ մահանում է հեպատիտ C-ի հետևանքներից: Հեպատիտ A-ով վարակված գրեթե բոլորն ամբողջությամբ բուժվում են:

Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ հեպատիտներով հիվանդացության ընդհանուր կառուցվածքում մոտ 50%-ը բաժին է ընկնում հեպատիտ A-ին: Վերջին տարիներին առկա է այդ տեսակի հեպատիտի նվազման միտում. հիվանդացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվարկով 2008-ին եղել է 25.7, իսկ 2014-ին` 2.4, ինչը վկայում է, որ հեպատիտ A-ի դեպքերը նվազել են մոտ 11 անգամ: Արձանագրված հեպատիտ A-ի եզակի դեպքերի օջախներում կազմակերպված և իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ (համաճարակաբանական ցուցումով պատվաստումներ) տեղային բռնկումներ չեն արձանագրվել:

Հայաստանում նաև վիրուսային հեպատիտ B-ի հիվանդացության նվազման միտում կա` 100.000 բնակչի հաշվարկով 2008-ին` 3.4, 2014-ին` 1.8: Եթե մինչև պատվաստումների իրականացումը և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր համաչափ նվազում` 2,5 %, ապա 1999-ին պատվաստումներից հետո հատկապես երեխաների շրջանում արձանագրվել էհիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի): Այսօրվա դրությամբ հեպատիտ B-ով վարակված է բնակչության 2-3%-ը:

Ինչ վերաբերում է հեպատիտ C-ին, ապա այն շարունակում է հիմնախնդիր մնալ: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի տվյալներով՝ հեպատիտ C-ով վարակված է բնակչության՝ 4%-ը:

Կարդացեք նաև՝ Հեպատիտ A, B, C. Իրավիճակը Հայաստանում, կանխարգելումն ու բուժումը