Դինքի վերսկսված գործը քննող դատախազի դեմ քննություն է սկսվել

Դինքի վերսկսված գործը քննող դատախազի դեմ քննություն է սկսվել

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննող դատախազ Գյոքալփ Քյոքչուի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել՝ «մամուլին տեղեկություններ տրամադրելու» մեղադրանքով:

Հրանթ Դինքի սպանության մասին տեղյակ եղած և այն չկանխած թուրք պետական ծառայողների գործով քննության ընթացքում դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Սպանության դեպքից 9 տարի անց առաջին անգամ որպես կասկածյալ ցուցմունք է տվել Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Էնգին Դինչը։ Նա իր ցուցմունքում նշել է, թե տեղյակ են եղել, որ Յասին Հայալը Դինքի դեմ գործողություն է նախապատրաստում, և տեղեկանալու հենց նույն օրն էլ տեղեկությունն ուղարկել են Ստամբուլի հետախուզությանը։

Նա նշել է, որ Ստամբուլում պատկան մարմիններին զգուշացրել է՝ ինչպես հեռախոսով, այնպես էլ գրավոր տարբերակով:

«Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին կարևոր տեղեկություններ ստացել ենք Թունջելից՝ 2006-ի փետրվարի 15-ին: Փետրվարի 17-ին այդ տեղեկությունը, զեկույցի տեսքով, ուղարկել ենք Անկարա և Ստամբուլ», - ասել է նա։

Դատախազի դեմ ծառայողական քննությունն սկսել է Թուրքիայի դատավորների ու դատախազների բարձրագույն կառույցը, Demokrat Haber-ին հղումով գրում է Tert.am-ը:

Քյոքչուին նաև մեղադրում են առանց դատախազության թույլտվության ձերբակալություններ իրականացնելու համար:

Համաձայն տարածված տեղեկությունների՝ դատախազ Քյոքչուից կարող են վերցնել Դինքի սպանության գործի քննությունը։

Գյոքալփ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրական եզրակացությունը ներկայացվել էր Ստամբուլի գլխավոր դատախազությանը։ Մեղադրական եզրակացության մեջ Էնգին Դինչի, սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշեթ Ալթայի և այդ ժամանակահատվածում Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ահմեթ Իլհան Գյուլերի նկատմամբ կանխամտածված սպանությանն աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով 20-25 տարվա ազատազրկում է պահանջվում։

Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Ռամազան Աքյուրեքի, բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի համար դատախազը ցմահ ազատազրկում է պահանջում:

Սպանության տարում Ստամբուլի ոստիկանապետ Ջերահեթթին Ջերրահն ու Հետախուզության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ կկանգնեն պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։

Մեղադրական եզրակացության մեջ ընդհանուր առմամբ 25 պաշտոնյայի դատելու պահանջ է ներկայացվում։

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

Կարդացեք նաև՝ Դինքի գործով թուրք 25 պաշտոնյա կարող է դատվել. Նրանց 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---