
Ռուսաստանում` Տուլայի մոտ, Մոսկվա - Երևան երթուղու ավտոբուսի վթարի հիմնական վարկածն այն է, որ վարորդը` 44-ամյա Գառնիկ Հարությունյանը, գերազանցել է արագությունը:
Ըստ ՌԴ-ի ոստիկանության` ավտոբուսի վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը: Նախնական տվյալներով` վարորդը զգալիորեն գերազանցել է արագույթունը ճանապարհի այն հատվածում, որտեղ առավելագույն թույլատրելի արագությունը սահմանված է 70 կմ/ժ: Ըստ քննիչների` վթարի պահին ավտոբուսի արագությունը կազմել է 117 կմ/ժ, Interfax-ին հղումով գրում է Tert.am-ը:
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար:
Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով:
Հայտնի է դարձել նաև, որ վթարից մի քանի ժամ առաջ ավտոբուսը դուրս է եկել նորոգումից և գտնվել է սարքին վիճակում:
Տուլայի շրջանի դատախազ Ալեքսանդր Կոզլովը հայտնել է, որ այս վարկածով էլ գործը փոխանցվել է ՌԴ-ի քննչական վարչություն:
Կարդացեք նաև՝ ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի