Հունվարի 19-ին սուր շնչառական վարակներից ապաքինված 234 մարդ է դուրս գրվել

Հունվարի 19-ին սուր շնչառական վարակներից ապաքինված 234 մարդ է դուրս գրվել

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին 19-ը պահպանվում է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը։ Արձանագրվում է թե՛ հիվանդանոցային, թե՛ առողջության առաջնային պահպանման օղակի դիմելիության, ինչպես նաև շտապօգնության կանչերի նվազում, գրեթե չկա ծանր դեպքերի նոր դիմելիություն, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Գրիպով և սուր շնչառական վարակներով մեծաթիվ հիվանդներ առողջացմամբ դուրս են գրվում, վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվել է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Հունվարի 19-ին հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 234 քաղաքացի։ Նրանցից 108-ը մինչև 18 տարեկան են։ 100-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 41-ը` երեխաներ։

Հանրապետության ծննդօգնության բժշկական ստացիոնարներում բուժում է ստանում 100 հղի և ծննդկան, 36-ի մոտ` թոքաբորբ։ Երեխաների և հղիների շրջանում ծանր հիվանդներ չկան:

Հերթական շրջայցից հետո ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ հունվարի 18-ի դրությամբ մոտ 30%-ով նվազել է հղիների շրջանում հիվանդացությունը: Նրա խոսքով` իրականացված լայնածավալ միջոցառումների շնորհիվ, այսօրվա դրությամբ հանրապետության ծննդօգնության որևէ հիմնարկում չկա արհեստական շնչառության սարքին միացված հղի կին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարևան երկրներում հիվանդացության լայն տարածվածությունը, բնակչության ակտիվ տեղաշարժը և այն հանգամանքը, որ դեռևս գտնվում ենք գրիպի սեզոնի մեջ, հորդորում ենք չթուլացնել զգոնությունը։ Գրիպից և սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով հորդորում ենք ականջալուր լինել բժիշկների խորհուրդներին, չշփվել հիվանդների հետ, հիվանդանալու դեպքում մնալ տանը, ստանալ պատշաճ մասնագիտական բժշկական օգնություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չընդունել հակաբիոտիկներ։

Հունվարի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 16 մարդ: Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց և ունեին այլ առողջական խնդիրներ: Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Ձեռքբերված «Տամիֆլյուի» հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին: Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 17-ին համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։ Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարդացեք նաև՝ ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---