ԱՆ. Մահվան ևս 2 դեպք է գրանցվել H1N1-ից

ԱՆ. Մահվան ևս 2 դեպք է գրանցվել H1N1-ից

PanARMENIAN.Net - Չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների գրեթե տասնօրյա տքնաջան պայքարին, հունվարի 17-ին արձանագրվել է H1N1 վարակով 2 հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոն են ընդունվել հունվարի 9-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի թոքաբորբով։ Երկուսին էլ անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարք։ Նրանցից մեկն ունեցել է նաև սիրտթոքային ծանր անբավարարություն, ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։ Այս օրերին հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ կոնսիլիումներ են կազմակերպվում։ Ցավոք, ոչ միշտ է հնարավոր լինում հասնել արդյունքի, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Վերջին 6 տարում` 2009-2014թթ., Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվել է թոքաբորբով պայմանավորված 450-500 մահվան դեպք, որի զգալի մասը ձմռան ամիսներին` պայմանավորված սեզոնային գրիպի բարձրացման հետ։ Այս տարի նախարարության բազմաթիվ հորդորների շնորհիվ բարձրացել է մարդկանց զգոնությունը, և հատկապես վերջին օրերին մարդիկ սկսել են բժշկական օգնության դիմել հիվանդության ավելի վաղ շրջանում։ Պայմանավորված այն հանգամանքով, որ գրիպը հակում ունի որպես բարդություն ծանր ընթացքով թոքաբորբ առաջացնելու` առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր հիվանդները:

Այսօվա դրությամբ թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:

Հունվարի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 16 մարդ: Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց և ունեին այլ առողջական խնդիրներ:

Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Ձեռքբերված «Տամիֆլյուի» հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին: Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:

Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ հունվարի 17-ին համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։

Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Ընթերցեք նաև. ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---