25 հունվարի 2016 - 14:27 AMT
Ամենացուրտ օրը՝ հունվարի 28. Եղանակը կտաքանա ամսի 29-ից

Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ: Այս մասին հայտնել է ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:

«Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է Ամասիայի և Աշոցքի հատվածում և արդեն -16, -17 աստիճան է, Երևանում՝ -4: Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև վաղը ցերեկը», - ասել է Սուրենյանը, գրում է Panorama.am-ը:

Կանխատեսումների համաձայն, հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 25-ին և 26-ին կտեղա ձյուն, լեռնային շրջաններում բուքը կշարունակվի, օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 28-ը անընդհատ կնվազի:

Ամենացուրտ օրը կլինի հունվարի 28-ը, լեռնային շրջաններում ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչև -30, Արարատյան դաշտում և Երևանում՝ -15...-17 աստիճան: Հունվարի 29-ին եղանակը աստիճանաբար կտաքանա:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

Քաղաքապետարանը արտակարգ ռեժիմով է աշխատելու՝ սպասվող ձյան պատճառով