2 փետրվարի 2016 - 12:48 AMT
ՀՀ դպրոցներում դասերի վերսկսման առաջին օրն աշակերտների մոտ 25%-ը բացակայել է

Փետրվարի 1-ին հանրակրթական դպրոցներում դասերի վերսկսման առաջին օրն արձանագրվել է աշակերտների մոտ 30%-ի բացակայություն: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

«Փետրվարի 1-ի տվյալներով` 20-25-30%-ով բացակայություն կար, որը կապվում էր տարբեր պատճառների հետ: Մեկը հիվանդության, մյուսը` ուղղակի փորձել էին տեսնել` առաջին օրը ինչ կլինի, բերե՞ն, թե՞ չէ։ Ծնողները հետաքրքրվում էին տաքության առումով»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է Tert.am-ը:

ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է կրթության տեսչությանը և համապատասխան վարչություններին՝ դասերի վերսկսումից հետո վերահսկողություն սահմանել դպրոցներում և արհեստագործական ուսումնարաններում հաճախումների, ինչպես նաև բաց թողնված դասաժամերը պատշաճ լրացնելու նկատմամբ:

ԿԳՆ վարչության պետը նշել է, որ Հայաստանի բոլոր մարզերի ու մայրաքաղաքի բոլոր դպրոցներում 1-2 բուժքույր, նախքան պարապմունքները, զննում են երեխաներին և հիվանդության կասկածների դեպքում նրանց հետ ուղարկում:

Որոշ ծնողներ նշել են, որ ստուգումները ձևական են, ոմանք էլ ասացին, որ իրենց երեխաներին, առհասարակ, չեն զննել:

Միաժամանակ, Արմավիրի մարզի 10 դպրոցում փետրվարի մեկին դասերը չեն վերսկսվել. այդ հաստատությունները հեղուկ վառելանյութով են ջեռուցվում և հնարավոր չէ ապահովել համապատասխան ջերմաստիճան, տեղեկացրել է Հովհաննիսյանը, գրում է Aravot.am-ը

Նա վստահեցրել է, որ այդ դպրոցների հանդեպ նախարարությունը կցուցաբերի առանձին վերաբերմունք. «Բաց թողածը լրացնելու խնդիր չեն ունենա: Այդ դպրոցներում դասերը կվերսկսվեն երկուշաբթի: Առհասարակ, դպրոցները նման փորձ ունեն: Նախորդ տարիներին օգտագործվել են գարնանային արձակուրդները, շաբաթ օրերը: Ապրիլի 10-ին բացթողումն ամբողջությամբ լրացված կլինի, իսկ Արմավիրի նշյալ դպրոցներում՝ ապրիլի վերջին»:

Հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվել են՝ գրիպի և սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված:

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային բոլոր հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ, ինչպես նաև անխափան գործում են ջրամատակարարման և էներգամատակարարման համակարգերը:

Նշված բոլոր հաստատություններում ապահովված է նաև բժշկական խիստ հսկողություն:

Կարդացեք նաև՝ ԱՆ-ի հորդորը. Առողջական խնդիրների դեպքում երեխային ուս.հաստատություն չուղարկել

ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց