Բրիտանական ընկերությունը Վանաձորում ՋԷԿ կկառուցի. Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Բրիտանական ընկերությունը  Վանաձորում ՋԷԿ կկառուցի. Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

PanARMENIAN.Net - Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվող` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Նախագծի շրջանակում մոտ $220 մլն կներդրվի, հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, գրում է Arka.am-ը:

Ըստ հիմնավորման՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համար՝ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում:

Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230.8167 ԱՄՆ-ի դոլար գնով՝ գումարած ՀՀ–ում գործող հարկերը, տուրքերը և այլ վճարումները):

Գրեյնջ Փաուեր-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6.62 ԱՄՆ դոլար ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ ուղղակի հարկ կամ տուրք (էլեկտրաէներգիայի վաճառքի գինը կվերահաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում ներառված բնական գազի սակագնի աճի կամ նվազման դեպքում):

Կողմերն իրենց իրավունք են վերապահում՝ հետագայում դիտարկել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ուրվագծում Էլեկտրակայանի ներառման հարցը և ստորագրել համապատասխան պայմանագիր այդ մասին:

ԱԷԿ կառուցման համար գումարների բացակայության պայմաններում Հայաստանում խոշոր ներդրումներ են իրականացվում ջերմային էլեկտրաէներգիայի ոլորտում: ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստում հավանության է արժանացել նաև Հայաստան և «ՌԵՆԿՈ» ՍՊԸ-ի միջև կնքվող` Երևան քաղաքի տարածքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Ծրագրի կյանքի կոչման համար կներդրվի $215 մլն: Ըստ այդ պայմանագրի՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հարակից տարածքում ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար: Իսկ ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվինկառուցել Էլեկտրակայանը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6.62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք:

Կարդացեք նաև՝ ՋԷԿ-երի համար գումար կա, ԱԷԿ-ի համար՝ ոչ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---