ՋԷԿ-երի համար գումար կա, ԱԷԿ-ի համար՝ ոչ

ՋԷԿ-երի համար գումար կա, ԱԷԿ-ի համար՝ ոչ

Հայաստանը երկար ժամանակ է հայտարարում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրերի մասին: Դեռևս 2009-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին» օրենքը: Ծրագրի ներկայացման շրջանում նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում էր սկսել 2018-2019-ին: Այժմ կոնկրետ ժամկետներ արդեն չեն նշվում:

Նոր էներգաբլոկի կառուցման համար կարող է պահանջվել մինչև $5 մլրդ ներդրում, սակայն մինչ այժմ այդ գումարների աղբյուրները չեն գտնվել:

PanARMENIAN.Net - Ինչպես և ցանկանած խոշոր ծրագրի դեպքում, այնպես էլ նոր բլոկի կառուցման հեռանկարում ՀՀ-ի առջև ներդրումներ ներգրավելու խնդիր է գոյացել: Նոր էներգաբլոկի կառուցման համար Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է որպես ներդրում տրամադրել ատոմային կայանի ռեակտոր` իր սարքավորումներով հանդերձ: ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն դեռ 2010-ին հայտարարել էր, որ ՌԴ-ն կարող է ֆինանսավորել նոր էներգաբլոկի կառուցման ավելի քան 20%-ը:

Գումարի մնացած մասը Հայաստանը նախատեսում է հայթայթել տարբեր ներդրողներից: Տարբեր աղբյուրների համաձայն, կարող է պահանջվել մինչև $5 մլրդ ներդրում, սակայն մինչ այժմ այդ գումարների աղբյուրները չեն գտնվել: 2015-ին վերցված ռուսական $270 մլն վարկով ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումը կերկարացվի մինչև 2027-ը, ինչից հետո Հայաստանի ատոմային էներգետիկայի ապագան անորոշ է:

ԱԷԿ կառուցման համար գումարների բացակայության պայմաններում Հայաստանում խոշոր ներդրումներ են իրականացվում ջերմային էլեկտրաէներգիայի ոլորտում: ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստում հավանության է արժանացել Հայաստան և «ՌԵՆԿՈ» ՍՊԸ-ի միջև կնքվող` Երևան քաղաքի տարածքում «Համակցված շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Ծրագրի կյանքի կոչման համար կներդրվի $215 մլն: Ըստ այդ պայմանագրի՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի հարակից տարածքում ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար: Իսկ ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվինկառուցել Էլեկտրակայանը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է վաճառել ամբողջ էլեկտրաէներգիան ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորում է դրա ձեռք բերումը՝ 6.62 ԱՄՆ ցենտ գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ հարկ կամ տուրք:

Իսկ ՀՀ դեկտեմբերի 19-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին, ով պատրաստվում է Հայաստանի ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում մոտ $400 մլն արժողությամբ ներդրումային ծրագիր իրականացնել: Ծրագրի մանրամասները դեռևս չեն հայտնում:

Մինչդեռ, ԱԷԿ-ի երկրորդ՝ գործող բլոկը ապահովում է 407,5 ՄՎտ հզորություն: Ջերմային էներգետիկայի ոլորտում իրականացվելիք խոշոր ներդրումները ու գործող ԱԷԿ-ի՝ դրանց հետ համեմատելի հայտարարվող հզորությունները մտավախություն են առաջացնում՝ արդյոք Կառավարության քայլերը ԱԷԿ-ի ապագա փակմանն ու դրանից բխող «էներգետիկ սովը» հագեցնելուն ուղղված հզորությունների ստեղծման քայլեր չեն:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը PanARMENIAN.Net հետ զրույցում հերքեց նման մտադրությունների առկայությունը: Նրա խոսքով՝ նոր ջերմային էլեկտակայանների կառուցումը կապված չէ ԱԷԿ-ի ծրագրերի հետ: Հայաստանը չի հրաժարվում նոր էներգաբլոկի կառուցումից, որը ծրագրով պետք է պատրաստ լինի մինչև 2027-ը՝ գործող էներգաբլոկի երկարացված ժամկետի ավարտը: Նա նշեց նաև, որ բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում այժմ դիտարկվում է 600 ՄՎտ հզորությամբ էնորգաբլոկի տարբերակը, քանի որ Հայաստանում էներգացանցի այլ ոլորտների (արևային, ջերմային) զարգացման հեռանկարները հաշվի առնելով նպատակահարմար է և բավարար հենց այդ հզորությամբ էներգաբլոկը:

Այս համատեքստում PanARMENIAN.Net ը հարց ուղղեց «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի («Հայատոմ» ԳՀԻ) գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանին, թե արդյո՞ք նոր ՋԷԿ-երի կառուցումը կարող է փոխարինել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը և դրա կառուցման անհրաժեշտություն այլևս չլինի:

Պետրոսյանը պատասխանեց, որ այդպիսի փոխարինումը հնարավոր չի համարում մի քանի պատճառով: Նախ, ջերմաէլեկտրակայանների արտադրած էներգիան թանկ է՝ ԱԷԿ-ի համեմատությամբ: Բացի այդ, մասնագետը նշել է, որ Հայաստանը կանգնած է էներգետիկ անվտանգության խնդրի առջև և էներգիա ստանալու համար անկախ աղբյուր պետք է ունենա, ինչպիսին է հենց ատոմային էներգետիկան, իսկ գազի այրմամբ ջերմային էներգիայի արտադրությունը կախված է գազի ներկրումից:

«Մենք դժվար աշխարհաքաղաքական դիրքում ենք գտնվում: Գազը գնալով թանգանում է: Մեզ անհրաժեշտ է էներգիայի գոյացության ավելի անկախ աղբյուր, իսկ դա միջուկային էներգիան է. վերջինիս համար մենք միջուկային վառելիք ներկրում ենք, սակայն տարին մեկ անգամ միայն», - ասել է Պետրոսյանը: Նա նաև շեշտել է, որ Հայաստանում էներգիայի պահանջարկը հաշվի առնելով, 500-600 Մվտ հզորությամբ էներգաբլոկը ավելի քան բավարար է:

Մինչդեռ, ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը 2015-ի սեպտեմբերին հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանում յուրաքանչյուրը 600 մՎտ հզորությամբ միանգամից երկու միջուկային ռեակտորի կառուցման հնարավորությունը:

Գալստյանը նշել է, որ նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը 600 մՎտ ռեակտորների կառուցման նախագիծը դիտարկելու հնարավորություն է տվել, այնինչ նախկինում դիտարկվում էր միայն 1000 մՎտ ռեակտորի կառուցման տարբերակը:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---