ԼՂՀ խնդիրը, ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ Շվեդիայի ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հանդիպմանը

ԼՂՀ խնդիրը, ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ Շվեդիայի ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հանդիպմանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ Նախագահը և Շվեդիայի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացած հայ-շվեդական քաղաքական երկխոսությունը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այսօր Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է:

Արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն իր հերթին ընդգծել է, որ լավ հարթակ է ստեղծված երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ու խորացնելու համար և իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում: Նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներն իշխանությունները դիտարկում են որպես երկրի առաջընթացի և զարգացման կարևոր գրավական և մեծապես գնահատում են ԵՄ գործընկերների աջակցությունն այդ հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործակցությանը՝ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան՝ որպես բարեկամ երկիր, զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Արտգործնախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը և համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ: Վերոնշյալ ձևաչափով համագործակցությունը նախարարը համարել է նաև երկկողմ կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն:

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը փետրվարի 9-ին ստորագրել են կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ն և Շվեդիան կատազվեն կրկնակի հարկումից. Համաձայնագիրը ստորագրվել է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---