ՀՀ-ն և Շվեդիան կատազվեն կրկնակի հարկումից. Համաձայնագիրը ստորագրվել է

ՀՀ-ն և Շվեդիան կատազվեն կրկնակի հարկումից. Համաձայնագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը փետրվարի 9-ին ստորագրել են կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:

Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այցով Հայաստանում է: Նախքան համաձայնագրի ստորագրումը՝ նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հահոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Շվեդիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2009-ին:

Համաձայնագրի ստորագրությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին Նալբանդյանը հայտարարել է, որ պայմանավորվել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ:

«Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը»,- նշել է նա, գրում է Civilnet.am-ը:

Նալբանդյանի խոսքով՝ որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Արտգործնախարարի փոխանցմամբ՝ տիկին Վալստրյոմի հետ իրենք քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ղարաբաղյան հարցը:

Կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի մասին Վալստրյոմը Թվիթերում գրել է, որ այն կխթանի մասնագիտական և տնտեսական փոխգործակցությունը:

Անդրադառնալով քաղաքական զարգացումներին և տարածաշրջանի խնդիրներին, Շվեդիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին, Արևելյան գործընկերությանն ու ամբողջ տարածաշրջանին:

«Գնահատում եմ այս առիթը՝ ավելի շատ բան սովորելու համար: Կան ընդհանրություններ, որ մենք ունենք, մենք բարելավելու ենք մեր դիվանագիտական շփումները, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ապագա համագործակցության համար՝ դա կլինի առևտրային, թե կոմերցիոն հնարավորությունների տեսքով»,- ասել է Վալստրյոմը, մեջբերում է Tert.am-ը:

Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, Վալստրյոմի փոխանցմամբ, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:

«Այս այցելությունը մեզ առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու՝ ինչպես է ձեր կողմից ընկալվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որոնք ենք ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,- շեշտել է նա:

Իր հերթին, Նալբանդյանը նկատել է, որ առաջին պատասխանատուն, որ ստատուս քվոն շարունակվում է, Ադրբեջանն է:

«Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտություններ ուղղված եռանախագահերին, բոլոր նրանց, ովքեր հանդգնում են կարծիք հայտնել, որը չի համապատասխանում ադրբեջանական պաշտոնական կարծիքին: Եռանախագահներին հրապարակային մեկ ասում են, որ տուրիստներ են, մեկ ասում են, որ իսլամաբոֆներ են, ԱՄՆ-ն համարում են կոռուպցիայի ծննդավայր»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը՞

Ըստ Նալբանդյանի, այս ամենն արվում է, քանի որ Ադրբեջանին թվում է, թե նման պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով կարող են շանտաժի ենթարկել եռանախագահներին, այլոց և ինչ որ մի բան կորզել:

«Զարմանալի է, որ իրենք դասեր չեն քաղում, որովհետև հակառակ էֆեկտն է տալիս, միջազգային հանրության կարծիքը, դիրքորոշումը տարեցտարի ավելի հասցեական ու ակնհայտ է դառնում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Հայաստանը ցանկանում է ստատուս քվոն պահպանել, Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը, եռանախագահները շահագրգիռ են ստատուս քովայի փոփոխման. «Առաջին պատասխանատուն, որ ստատուս քվոն շարունակվում է, Ադրբեջանն է: Ինչպե՞ս կարելի է ստատուս քվոն փոխել: Կարելի է փոխել բանակցությունների միջոցով, պայմանավորվածությունների ձեռք բերման միջոցով: Իսկ ո՞վ է ցրում իրավիճակը, Ադրբեջանը, որ չի արձագանքո՞ւմ եռանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, ո՞վ է դեմ դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանը հորինել է, որ եթե մեխանիզմը ստեղծվի, ապա դա կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը: Ճիշտ հակառակը, եթե ստեղծվի, դա կլինի ոչ միայն հետաքննության, կանխարգելիչ մեխանիզմ, թույլ կտա ապահովել ավելի բարենպաստ պայմաններ բանակցությունների շարունակման համար, բանակցությունների միջոցով կհասնենք պայմանավորվածության հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»:

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս, հակառակը, իսկ Հայաստանը եռանախագահների հետ շարունակելու է գործադրել ջանքեր՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, քանի որ բանակցություններին այլընտարնք չկա:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ գործակցության նոր փաստաթղթին, ապա Շվեդիայի նախարարն ասել է, թե իրենք սատարում են բավական հավակնոտ համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը կարող է պիտանի հարթակ դառնալ կողմերի համար:

Երևանից Շվեդիայի արտգործնախարարը կմեկնի Բաքու: Երևան ժամանելուց առաջ նա Թբիլիսիում էր, որտեղ հայտարարել էր Վրաստանի եվրոասոցացման գործընթացին Շվեդիայի հաստատուն աջակցության մասին:

Կարդացեք նաև՝ ԼՂՀ խնդիրը, ՀՀ-ԵՄ գործակցությունը՝ Շվեդիայի ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի հանդիպմանը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---