22 փետրվարի 2016 - 14:09 AMT
SIPRI. ՌԴ-ն արտահանվող զենքի 5%-ն Ադրբեջանին է վաճառում

2011-15 թթ. ռուսական զենքի առաքումը Եվրոպա աճել է 264%-ով` նախորդ 5-ամյա շրջանի համեմատ: Այդ տվյալները ներկայացված են Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) սպառազինության համաշխարհային արտահանման միտումների վերաբերյալ նոր զեկույցում, հայտնում է ՌԲԿ-ն:

Ըստ կենտրոնի փորձագետների տվյալների, ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառքների հաշվին` 2011-2015թթ. Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4,9%, այն դեպքում, երբ 2006-2010 թթ. ցուցանիշը կազմել է 0,7%:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը երկրորդ տեղն է գրավում աշխարհում զենքի արտահանման քանակով` զիջելով միայն ԱՄՆ-ին:

Վերջին տարիներին Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել Տ-90 տանկեր, ՀՄՄ-3 զրահափոխադրիչներ, 2Ս19 Մստա-Ս, «Վենա» ինքնագնաց ականանետեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր, «Խրիզանտեմա» հակատանկային համակարգեր, Մի-24 գրոհային ուղղաթիռներ, «Իգլա» դյուրակիր ԶՀՀ, տասնյակ միավոր ինժեներային և հատուկ տեխնիկա` տանկային կամրջակապեր, զրահապատ վերանորոգիչ-տարհանման մեքենաներ, ականազերծող մեքենաներ և այլն:

Զենքի գնումների 80 տոկոսն Ադրբեջանը կատարում է ՌԴ-ից: Սակայն Բաքուն զենք է գնում նաև Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքիայից և Իսրայելից: Ադրբեջան ռուսական զենքի առաքումների ծավալը գնահատվում է $5 մլրդ:

Ընթերցեք նաև` Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին, Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան