Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին

Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են: Պայմանագրի առաջին կետում ասվում է. «Կազմակերպության անդամ պետությունները չեն կարող անդամակցել այլ ռազմական դաշինքի կամ պետությունների խմբավորման, ինչպես նաև որևէ մասնակից անդամի դեմ գործողությունների»:

Սակայն, չնայած այս կետին, դաշինքի անդամ պետությունները զենքի խոշոր մատակարարներ են Ադրբեջանի համար, որը ղարաբաղյան հակամարտության կողմ է, շրջափակել է Հայաստանը և ի դեմս նախագահ Իլհամ Ալիևի ադրբեջանական հող է հռչակում ՀՀ տարածքը` անուղղակիորեն խախտելով ՀԱՊԿ դրույթը կազմակերպության մեկ այլ անդամի դեմ ուղղված գործողություններին չմասնակցելու մասին:

PanARMENIAN.Net - Այդպես, ըստ Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի սպառազինությունների 2006-2017 թթ. համաշխարհային ներմուծման և արտահանման միասնական աղյուսակի համաձայն, 2006 թ. ի վեր Ադրբեջանին զենքի խոշոր մատակարարներից մեկը Բելառուսն է: 2005-2006 թթ. Ադրբեջանին է վաճառվել 60 հատ Տ-72 տանկ, ևս 62-ը` 2012-ին: 2008-2009 թթ. առաքվել է 12 միավոր 203 մմ-անոց 2Ս7 «Պիոն» հրանոթ, 2010-ին` 30 միավոր 122 մմ Դ-30 հաուբից, 2009-2012 թթ.` 6 միավոր Սու-25 կործանիչ: Բելառուսը չի սահմանափակում համագործակցությունն Ադրբեջանի հետ միայն զենքի վաճառքով, երկրի ձեռնարկությունները նաև արդիականացրել են ադրբեջանական «Բուկ» Մ1, «Օսա» և «Պեչորա» տիպի զենիթահրթիռային համակարգերը: Բացի այդ, 2013-ից Ադրբեջան են առաքվում նաև բելառուսա-ուկրաինական համատեղ արտադրության Տ-38 «Ստիլետ» զենիթային համակարգեր, որոնց առաքումը նախատեսվում է ավարտել 2016-ին:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաև Ղազախստանի պարագայում: Պաշտոնապես Աստանան զենք չի վաճառում Ադրբեջանին: Սակայն 2008 թ. Բաքուն գնել էր իսրայելական արտադրության LYNX համազարկային համակարգեր 122, 160 և 300 մմ տրամաչափի կոնտեյներներով: Իսկ 2012-ին Razm.info-ի անցկացրած հետազոտությունը պարզել է, որ խոսքը ոչ թե օրիգինալ իսրայելյան համակարգերի մասին է, այլ դրանց ղազախական տարբերակների՝ հավաքված Պավլոդարի ծանր մեքենաշինության գործարանում: Ընդ որում, հենց Ղազախստանում այստեղ արտադրվող զենքի որակը քննադատության թիրախ էր դարձել, որի պատճառով հետագայում դրա արտադրությունը դադարեցվեց:

Սակայն Ադրբեջանին զենք մատակարարող ամենախոշոր առաքիչը Ռուսաստանն է: Ծանր սպառազինության խոշոր խմբաքանակների առաքումը սկսվել է 2006-2007 թթ. Տ-72 տանկի 62 միավոր խմբաքանակով: Հաջորդ խոշոր պայմանագիրը նախատեսում էր «Ֆավորիտ» Ս-300 ԶՀՀ-ների 2 դիվիզիոնի վաճառքն Ադրբեջանին 300 մլն դոլարով: Ավելացնելով վաճառքների քանակը` ՌԴ-ն դարձավ ադրբեջանական սպառազինությունների շուկայի առաջատար մատակարարը` պայմանագրերի համախառն ծավալը հասնում է 5 մլրդ դոլարի:

Ընդհանուր առմամբ 2006 թ. վերոնշյալ տանկերից ու ԶՀՀ-ներից բացի, ըստ Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի, Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 94 միավոր Տ-90 տանկ, 91 միավոր ՀՄՄ-3 զրահափոխադրիչ, 24 միավոր ԲՏՌ-80, 18 միավոր 2Ս19 Մստա-Ս, 18 միավոր «Վենա» ինքնագնաց 120 մմ տրամաչափով ականանետ, 400 միավոր 120 մմ-անոց ականանետ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգ, 10 միավոր «Խրիզանտեմա» հակատանկային համակարգ, 24 միավոր Մի-24 գրոհային ուղղաթիռ, ավելի քան 60 միավոր Մի-17 ուղղաթիռ (այդ թվում` ՆԳՆ և ԱԻՆ համար), Տոռ-2ՄԷ ԶՀՀ 2 գումարտակ, 300 միավոր «Իգլա» կրովի ԶՀՀ, տասնյակ միավոր ինժեներային և հատուկ տեխնիկա` տանկային կամրջակապեր, զրահապատ վերանորոգիչ-տարհանման մեքենաներ, ականազերծող մեքենաներ և այլն:

Պաշտոնական Երևանը հրապարակավ հայտնում է իր դժգոհությունն Ադրբեջանին զենքի առաքումների վերաբերյալ: Մասնավորապես, 2014-ի հուլիսին արգենտինյան La Nacion-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովուրդը շատ մտահոգած է այն փաստով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: «Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանի ուժերն ու կարողությունները բավարար են սեփական սահմանները պաշտպանելու համար: Չնայած, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ դժվար պահին Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա: Իսկ 2015-ի մարտին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գլխավոր խնդիրն այն է, որ «հայ զինվորը հասկանում է` իրեն ուզում են սպանել ռուսական զենքից…այդ հարցը պետք է լուծել»:

Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2015-ի սեպտեմբերին BBC-ին տված հարցազրույցում «բնական» անվանեց այն փաստը, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: «Անշուշտ, չեմ կարող ասել, թե մեզ դուր է գալիս այն փաստը, որ Ադրբեջանը զենք է գնում ՌԴ-ից, սակայն, հավանաբար, դա բիզնեսի, առևտրի հարց է»,-ասել է նա:

Չնայած Երևանի դիրքորոշմանը` Մոսկվան մտադիր չէ բավարարվել այսքանով: Միայն վերջին տարում ռուս պաշտոնյաները մի քանի անգամ սպառազինության ոլորտում նոր պայմանագրեր են առաջարկել Ադրբեջանին` մասնավորապես, Տ-72 տանկերի արդիականացում մինչև «Տերմինատոր» տանկերի աջակցման մեքենաների մակարդակը, Տ-90 տանկերի 100 միավոր լրացուցիչ խմբաքանակ, Կա-32 ուղղաթիռներ և այլ տեխնիկա: Ռուսական առաջարկներին ադրբեջանցիների արձագանքի մասին դեռևս հայտնի չէ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---