Նախագահ. Լուրջ ներդրողի համար պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ, նույնիսկ՝ ԱԺ-ում օրենք ընդունելով

Նախագահ. Լուրջ ներդրողի համար պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ, նույնիսկ՝ ԱԺ-ում օրենք ընդունելով

PanARMENIAN.Net - Փետրվարին ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում փետրվարի 26-ին հանրապետության նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Խորհրդակցությանը հանգամանալից անդրադարձ է եղել հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգին, ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին:

Նկատի առնելով, որ դեսպան Կիրակոսյանը նաև Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարն է Վիեննայում գործող մի շարք միջազգային կազմակերպություններում, անդրադարձ է եղել վերոնշյալ միջազգային կառույցների հետ մեր երկրի համագործակցության հեռանկարին:

Սարգսյանը կարևորել է անդրադարձը ոչ միայն երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ձեռքբերումներին, այլև առկա խնդիրներին և այն հարցերին, որոնց լուծման ուղղությամբ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն ունի Երևանի առավել նպատակաուղղված աջակցության կարիքը։

«Ավստրիան Հայաստանի բարեկամ երկիր է, զարգացած երկիր, և մեր հարաբերություններն Ավստրիայի հետ մենք կառուցում ենք՝ հաշվի առնելով պատմության ընթացքում անցած համատեղ ճանապարհը: Այսինքն՝ մեր հարաբերությունները կառուցում ենք ամուր պատմական հիմքի վրա, և պատահական չէ, որ դեռևս 1988թ. Ավստրիան առաջիններից մեկն արձագանքեց մեզ պատուհասած աղետին՝ Շիրակում կառուցվեց ավստրիական թաղամաս, ավստրիական մանկական հիվանդանոց, և հիմա էլ Ավստրիան աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին: Սրանք պատահական չեն, որովհետև բազմաթիվ անուններ միահյուսում են մեր երկրների բարեկամության պատմությունը»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նր խասքով՝ Ավստրիան մեզ համար չափազանց կարևոր է զարգացման իր փորձով, որովհետև մեծ հաջողությունների է հասել ժամանակակից տեխնոլոգիաների, ընդհանրապես՝ զարգացման գրեթե բոլոր ոլորտներում: ՀՀ համար բավականին հետաքրքիր է Ավստրիայի փորձը բժշկագիտության, զբոսաշրջության և առանձնապես՝ ենթակառուցվածքների ու սեզոնային տուրիզմի զարգացման ոլորտներում:

« Իհարկե, ինձ համար շատ կարևոր է, որ մենք Ավստրիայի հետ գործակցում ենք գյուղատնտեսության, այդ թվում՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Մենք մեր երկրում այս ուղղությունները պարտավոր ենք զարգացնել: Կատարված աշխատանքը տեսանելի է, բայց ոչ բավարար: Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք Հայաստանում ավստրիական ներդրումներ ընդունելու, առավել ևս՝ արդյունաբերության ոլորտում, որովհետև Ավստրիայում կան բազմաթիվ հզոր ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում աշխարհի շատ երկրներում, և Հայաստանը, թեև լինելով իր չափերով փոքր, այդուհանդերձ, անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, որն այս առումով բազմաթիվ հնարավորություններ է բացում», - նկատել է նախագահը:

Նա շեշտել է, որ պատրաստ են ցանկացած լուրջ ներդրողի համար ստեղծել բավականին բարենպաստ պայմաններ, ընդհուպ՝ Ազգային ժողովում ընդունելով հատուկ օրենք որոշակի ներդրման մասին:

«Կուզենայի տեսնել՝ ի՞նչ աշխատանք է դեսպանատունը կատարում Հայաստանի այս հնարավորություններն ավստրիական գործարար շրջանակներին ներկայացնելու համար: Գիտեմ, որ ապրիլ ամսին տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը, և դրան հաջորդելու է գործարար համաժողովը: Արդյո՞ք մենք լրջորեն ենք պատրաստվում այս միջոցառումներին, որոնք կարող են իրոք շատ մեծ խթան հանդիսանալ մեր երկրի զարգացման գործում հենց ներդրումների համար», - ասել է Սարգսյանը: Նա նաև նկատել է, որ ՀՀ-ն և Ավստրիան ինտենսիվ և արդյունավետ համագործակցում ենք գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Նա հիշեցրել է, որ հենց ավստրիացիների հետ համագործակցության արդյունքում մենք կարողացանք ամբողջովին վերանորոգել և վերազինել մեր մշակույթի հիմնական օջախները՝ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, մեր ֆիլհարմոնիկ դահլիճը, հիմա շատ ինտենսիվ փուլում է գտնվում մեր մայր թատրոնի վերանորոգումը:

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը նշել է, որ Երկու պետությունների միջև ստեղծված է շատ լավ, լիարժեք իրավապայմանագրային դաշտ՝ ունենք համագործակցության քսան պայմանագրեր տարբեր ոլորտներում: Դրանց կեսը հիմնականում առևտրատնտեսական բնույթի պայմանագրեր են, ինչը նպաստում է մեր գերատեսչությունների և գործարարների ակտիվ մասնակցությամբ երկկողմ գործակցությանը: «Գործարար համաժողովների մասին կուզեի ասել. ստեղծված են բոլոր պայմանները, որոնց նպաստել են ինչպես Նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան այցը, այնպես էլ Ձեր այցելությունն Ավստրիա, նաև 2014թ. սեպտեմբերին արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը Հայաստան, ով էներգետիկայի ոլորտով հետաքրքրված գործարարների հատուկ խումբ բերեց Ավստրիայից: Ապրիլի 13-ին Առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակներում տեղի է ունենալու 4-րդ գործարար համաժողովը: Այսինքն` պայմաններ են ստեղծված, որպեսզի գործարարներն իրար հանդիպեն, ծանոթանան և համագործակցեն: Իհարկե, վերջին տարում գոհացուցիչ չեն առևտրաշրջանառության ծավալները: Այստեղ ուսումնասիրության կարիք կա, սակայն կարծում եմ բոլոր հնարավորություններն ունենք բարելավելու իրավիճակը»,-ասել է Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ մյուս կարևոր հանգամանքը՝ 2015-ին մեզ հաջողվել է ստեղծել բարեկամական խումբ Ավստրիայի խորհրդարանում, որն առաջինն է մեր հարաբերությունների պատմության ընթացքում: Խորհրդարանում միշտ ձևավորված է եղել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի խումբ, որը, փաստորեն, չի աշխատել: 2015-ւ դեկտեմբերին վերջնականացվել է այդ խմբի ձևավորումը, և այսօր Կանաչների կուսակցության ներկայացուցիչն է այն ղեկավարում: Այդ խմբի մեջ ընդգրկված են խորհրդարանի բոլոր կուսակցությունները:

ՀՀ դեսպանը նշել է, որ Համառոտ կխոսի բազմակողմ գործառույթների մասին, որովհետև, շատ բազմաբնույթ են այդ գործառույթները՝ մեր ներկայացուցչությունը ներկայացված է բազմակողմ՝ և՛ ԵԱՀԿ-ում, և՛ ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, ՄԱԿ-ի Թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավորության դեմ պայքարի գրասենյակում:

Կիրակոսյանի խոսքով՝ շատ կարևոր է «Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի» հետ համագործակցությունը, որի հետ մենք արդյունավետ աշխատանք ենք իրականացնում: Կարևոր է նաև, և կարծում եմ առանձնակի կանդրադառնանք այդ թեմային՝ Ավստրիայում գործող Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի հետ գործակցությանը:

Խորհրդակցության ավարտին նախագահը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Կարդացեք նաև՝ Խորհրդակցություն՝ նախագահի մոտ. Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կխորացվեն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---