19 փետրվարի 2016 - 17:24 AMT
Խորհրդակցություն՝ նախագահի մոտ. Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կխորացվեն

Փետրվարի 19-ին նախագահի նստավայրում մեկնարկել է արտերկրում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք: Ի լրումն արտաքին քաղաքականության հարցերի, քննարկվելու են նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները:

Նախագահի փետրվարի 19-ի խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի հետ ՀՀ հարաբերությունների օրակարգային հարցերին, կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին, որոնց մասին զեկուցել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ կցանկանար, որպեսզի դեսպանը հանգամանալից զեկույց ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետության հետ այսօրվա հարաբերությունների վիճակի և այդ հարաբերությունների ապագայի մասին՝ շեշտադրելով առաջին հերթին տնտեսական բաղադրիչը: Մասնավորապես, նախագահին հետաքրքրում էր ինչ հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը՝ դառնալու տարանցիկ գերակա ուղի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների հետ կապելու այդ ճանապարհին, համագործակցությունը էներգետիկ ոլորտում ու ներդրումների ներգրավումը:

«Մեր ոչ մեծ հնարավորություններով արդեն իսկ հատկացրել ենք հարյուրավոր միլիոններ, որպեսզի կարողանանք մոտակա 3-4 տարիների ընթացքում կառուցել Հյուսիս-հարավ մայրուղին, որը Վրաստանի հյուսիսային սահմանը կկապի Իրանի հարավային սահմանի հետ, և այն ճանապարհը, որ այսօր մեր տրանսպորտն անցնում է հինգուկես ժամում՝ երկու անգամ կկրճատվի: Մենք միջոցներ ենք ձեռնարկում հնարավորություն գտնելու նաև երկաթուղային հաղորդակցություն ունենալու Իրանի հետ, բայց կարծում եմ, սա բավարար չէ: Կցանկանայինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում իրանական կողմը, ի՞նչ հավելյալ քայլեր կարող ենք անել, որպեսզի, ինչպես ասացի, Հայաստանը դիտարկվի որպես գերակա տարանցիկ ուղի, որովհետև, կարծում եմ, շատ-շատերը գիտեն, որ սա ոչ միայն իրանական տրանսպորտի անցում է Հայաստանի ճանապարհներով, այլ շատ լուրջ խթան է Հայաստանի տնտեսության զարգացման համար», - ասել է նախագահը:

Խոսելով էներգետիկայի մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցությունը սկսվել է շատ վաղուց, և հասել մի հանգրվանի, երբ կոնկրետությունը մեծ է և շատ խոստումնալից: «Այստեղ ևս մենք մեր անելիքը գիտենք: Գիտենք, որ պետք է ստեղծենք հավելյալ ենթակառուցվածքներ, ստեղծենք հավելյալ գեներացիոն հնարավորություններ: Դուք գիտեք, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Կցանկանայի տեսնել՝ կա՞ն արդյոք խոչընդոտներ: Ինչպես և նախանշվում էր, մենք երկու տարվա ընթացքում կունենանք մեծ թողունակության ենթակառուցվածքներ: Այս ծրագրերը շատ մեծ ազդեցություն կունենան ինչպես մեր էներգետիկ անվտանգության, այնպես էլ սոցիալական առումով»:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ երկիրն է, որ ցամաքային սահման ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ էլ պետք է հասկանանք՝ որո՞նք են Իրանի Իսլամական Հանրապետության գործարար շրջանակների ակնկալիքները, մենք հավելյալ ի՞նչ պետք է անենք, որպեսզի նրանք շահագրգռված լինեն Հայաստանում ներդրումներ կատարելու և իրենց արտադրանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՏՄ և նաև՝ ԵՄ տարածքներում իրացնելու, որովհետև մենք ունենք շատ նպաստավոր առևտրային ռեժիմներ:

Սարգսյանը նշել է՝ հաջորդ հանգամանքը, որ մեզ համար դարձյալ կարևոր է՝ ապրանքների և տրանսպորտի անարգել մուտքն է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք՝ 80 միլիոնանոց մեծ հնարավորություններով վճարունակ շուկա:

Դեսպան Արտաշես Թումանյանը վստահեցրել, որ դեսպանությունն իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-իրանական օրակարգային կարևորագույն խնդիրներն առաջ մղելու, լուծելու ուղղությամբ:

«Ձեր հանձնարարականի համաձայն, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը եղել են մշտական հսկողության տակ, և ուրախությամբ պետք է նշեմ, որ այս պահին դրանց մի մասը կատարման ընթացքում է: Ես հետագայում իմ խոսքում ավելի մանրամասն կանդրադառնամ որոշ ծրագրերի հարցադրումներին, որ կուզենայի այս ձևաչափով արծարծվեր, բայց մի քանի նախնական բան կուզենայի այս պահին ասել: Առաջինը նշեմ, որ կարևոր ենթակառուցվածքային ծրագիրը, որը մեզ համար համակարգային նշանակություն ունի ամբողջ էկոնոմիկայի, էներգետիկ համակարգի արդյունավետության և հուսալի աշխատանքի համար՝ երրորդ բարձրավոլտ գծի կառուցումն է, որի ֆինանսավորման հարցը լուծվել է նաև Ձեր ջանքերով: Հիմա ծրագիրը շինարարության ընթացքի մեջ է, և 2018թ. գրաֆիկով սահմանված ժամկետում կավարտվի: Սա մեզ համար կարևոր նորություն է»,- զեկույցի սկզբում ասել է դեսպան Թումանյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը կապված է մեր տրանսպորտային միջանցքի հետ: Այն մեզ համար արմատական նշանակություն ունի: Երբ վերջերս ՀՀ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանն իր գործընկերոջ հրավերով գտնվում էր Իրանում, զանգվածային լրատվության միջոցների առջև պաշտոնապես հայտարարվեց, որ Իրանն իր կողմից հայտարարում է 4 միջանցքի պետական քաղաքականության մասին: Դրանցից մեկը Հայաստանի Հանրապետությունով է անցնում: Դա կարևոր հայտարարություն էր, որը նաև տեղավորվում է ավելի գլոբալ աշխարհաքաղաքական ծրագրերի մեջ:

«Ուզում եմ նաև մի հարցի անդրադառնալ, որին Դուք, պարոն նախագահ, հղում կատարեցիք, և որը Ձեր հանձնարարականների մեջ է մտնում: Մենք մեր աշխատանքը կառուցում ենք հետևյալ սկզբունքների վրա՝ մեր տարածաշրջանում երկու կարևորագույն քաղաքական իրողություններ են տեղի ունեցել, առաջին՝ Իրանի նկատմամբ վերացվել են միջազգային տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, և երկրորդ, որը մեզ համար շատ կարևոր է՝ մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ անդամ: Սա մեզ համար սկզբունքային է մեր տնտեսական խնդիրները կառուցելու համար», - ասել է դեսպանը:

Խորհրդակցության ավարտին Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Իրանի ու Հայաստանի ցամաքային կապը կոչված է ամրապնդել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը: Միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:Ծրագիրը նաև կհեշտացնի Իրանի ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ:

Ըստ նախնական ծրագրի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3,5 մլրդ դոլար: Հայաստանը 300 կմ երկարությամբ երկաթուղի պիտի կառուցի մինչև Իրանի սահմանը և մոտ 100 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ ու կամուրջներ, երկաթուղին կունենա 27 կայարան: Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառի մոտակայքից ու ձգվելու է մինչև Մեղրիի մոտակայքը և միանալու է Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:Երկաթուղով տարեկան նախատեսվում է փոխադրել 18,3 մլն տոննա բեռ:

Կարդացեք նաև՝ Երևանը, Թեհրանն ու Բաղդադը քննարկում են Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը

Վրաստանը կարող է ՀՀ տարածքով Իրանին էլէներգիա մատակարարել