ԱՄՆ-ն պահանջում է Թուրքիայից պարզաբանել Սբ Կիրակոս եկեղեցու օտարման հետ կապված իրավիճակը

ԱՄՆ-ն պահանջում է Թուրքիայից պարզաբանել Սբ Կիրակոս եկեղեցու օտարման հետ կապված իրավիճակը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) միացել է Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու օտարման վերաբերյալ Ամերիկայի հայ հանրության հարցապնդմանը` հասցեագրված ԱՄՆ կառավարությանը:

Թուրքիայի Նախարարների խորհրդի որոշմամբ Դիարբեքիրի Սուր շրջանում օտարման ենթարկված տարածքների շարքում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սբ Կիրակոսը։ Նույն որոշմամբ օտարվել են նաև ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները։

Հայ Դատի հանձնախմբի հարցմանն ի պատասխան Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան իր ելույթում նշել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը և հյուպատոսություններն Ադանայում և Ստամբուլում հետևում են իրավիճակին և արծարծում են այդ հարցն ինչպես Թուրքիայի կառավարությունում, այնպես էլ` տեղական կառավարման մարմիններում:

Թուրքիայի կառավարությունը հայտնել է ԱՄՆ ներկայացուցիչներին, որ պատմական շինությունների օտարման մասին հրամանագիրը «բյուրոկրատական միջոց է», որն ուղղված է վերջին ամիսներին մարտական գործողությունների ժամանակ վնասված պատմական օբյեկտների վերականգնմանը: ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշման դեմ արդեն հայցեր են ներկայացվել տեղական դատարաններ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է թուրքական կառավարության որոշումը`այն անվանելով «Թուրքիայի հերթական գրոհը դավանանքի ազատության դեմ»:

«Թուրքիայի կողմից հայ մշակութային և կրոնական ժառանգության տևական ոչնչացման ու պղծման լույսի ներքո այս վերջին գործողությունը Էրդողանի նոր գրոհն է ընդդեմ քրիստոնեական համայնքների և հին քրիստոնեական ժառանգությունը ոչնչացնելու Անկարայի ջանքերի շարունակությունն է, որը ձգտում է ամրացնել Հայոց ցեղասպանության արդյունքներն դրանից մեկ դար անց»,-ասել է Համբարյանը:

Ընթերցեք նաև. Դիարբեքիրի հայկական Սբ Կիրակոս եկեղեցին օտարվել է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---