Բաբայան. Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել, իրավիճակը վերահսկելի է

Բաբայան. Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել, իրավիճակը վերահսկելի է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ասել է, թե վիճակը վերահսկելի է:

«Հակառակորդը, ըստ երևույթին, արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել: Կրել է շատ մեծ կորուստներ: Միայն այսօր խփվել է մի քանի տանկ, անօդաչու սարք»,- ասել է Բաբայանը, գրում է Tert.am-ը:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է վերջին ժամերին շփման գծում իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին:

«Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող:

Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր»,-հայտնել է Հովհաննիսյանը:

Նա նաև մի քանի դիտարկում է արել.

- Ադրբեջանական, այսպես կոչված՝ «ճակատային թողարկումները» ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության՝ ոչ մի նյութում հստակ և պարզորոշ չի երևում հայկական կողմի մարդկային և տեխնիկական որևէ կորուստ, նույնիսկ որևէ հստակ դիրք չի երևում, որ իրենք գրավել են: Մենք որոշակի կորուստներ ունեցել ենք, որի մասին չենք լռել, բայց իրենք նույնիսկ դա էլ ի վիճակի չեն ցուցադրել ու ներկայացնել։ Իսկ դա միայն նշանակում է այն, որ դաժան մարտերն ընթանում են իրենց զբաղեցրած բնագծերում և նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում:

- Ուշադրություն դարձրեք երկու հասարակյան վերաբերմունքին արդեն երկրորդ օրն ընթացող մարտական գործողություններին, քանզի, եթե հայկական կողմում հասարակությունը ոգևորված է, իսկ դեպի ճակատ մեկնող կամավորների հոսքն էլ իրոք հսկայական է, ովքեր երգով ու պարով են գնում, ապա թշնամու կողմում լրիվ հակառակ պատկերն է:

-Ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից` դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչ նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին:

«Վերջում կրկին ուզում եմ ընդգծել, որ ուշադրություն մի՛ դարձրեք հայկական կողմի կրած մարդկային, տեխնիկական և տարածքային կորուստների մասին տարածվող հնարավոր հաղորդումներին, որոնք ուղված են հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնելուն, քանի որ տեղեկատվական հարձակումը հանդիսանում է ժամանակակից պատերազմի անբաժանելի մասը:

Մենք տիրապետում ենք հստակ և ամբողջական տեղեկատվությանը, ներկայումս այն վերլուծվում է, և շուտով կներկայացվի հասարակությանը», - գրել է Հովհաննիսյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են, ընդհանուր առմամբ, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 1 «Գրադ», 15 տանկ, հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա է 19 դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: ՊԲ-ն նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

Կարդացեք նաև՝ ՊԲ-ն պատրաստ է քննարկել կրակի դադարեցման առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում

Իրանական սահմանամերձ համայնքը հրետակոծվել է ղարաբաղա-ադրբեջանական մարտերի ընթացքում

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---