ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Օբամային պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Օբամային պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար, հայտնում է Tert.am-ը:

«Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ և՛ քաղաքացիական, և՛ ռազմական։ Ես լրջորեն դատապարտում եմ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այս բռնությունը հրահրելու համար, և կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել իր ագրեսիվ ռազմական հարձակումը»,- ասված է սենատորի հայտարարությունում։

Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։

Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը, հայտնում է Tert.am-ը:։

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը` ANCA-ն, ներկայացրել է Սանչեսի հայտարարության ամբողջական տարբերակը. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչի հետևանքով սպանվել են բազմաթիվ հայ զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ Իրավիճակի սրումը հղի է ողջ տարածաշրջանը երկարատև ու արյունալի պատերազմի մեջ ներքաշելու վտանգով։ Կոչ եմ անում Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմն ու վերջ դնել բռնություններին»։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև. ԱՄՆ փոխնախագահը ՀՀ և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---