8 ապրիլի 2016 - 16:20 AMT
Պուտինը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՌԴ ԱԽ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԽ-ում քննարկել է իրավիճակի կարգավորումը Լեռնային Ղարաբաղում այն ջանքերի համատեքստում, որ ձեռնարկում է ռուսական կողմը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ըստ նրա, հանդիպմանը մասնակցել են ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը և այլոք:

«Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն այն ջանքերի համատեքստում, որոնք այս օրերին ձեռնարկում է ռուսական կողմը: Շոշափվել են նաև ներռուսական և միջազգային օրակարգի հարցեր»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուղիղ բանակցություններ պետք է սկսեն

ՌԴ փոխվարչապետ. ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին