Մարուքյան. Բաքուն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի, ապացուցողական բազան բավարար է

Մարուքյան. Բաքուն իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի, ապացուցողական բազան բավարար է

PanARMENIAN.Net - ԼՂՀ և Հայաստանի խորհրդարանականները հաստատակամ են միջազգային ասպարեզում Ադրբեջանին իրավական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախատեսվող գործողությունները՝ ուղղված Բաքի պատերազմական հանցագործությունները միջազգային ատյաններին ներկայացնելուն: Այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:

ԼՂՀ Ազգային ժողովում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Հովհաննես Սահակյանը:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ու համակողմանիորեն քննարկել ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության հանդեպ բռնարարքների, այդ թվում՝ վայրագ սպանությունների, ինչպես նաև հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքներն ուսումնասիրելու և միջազգային ատյաններին ներկայացնելու հարցերը:

Մարուքյանը փոխանցել է, որ նիստի արդյունքներով շուտով հանձնաժողովների համատեղ հայտարարություն կտարածվի, գրում է Panorama.am-ը:

«Հավաքված փաստերը ներկայացվելու են Հայաստանի հետ գործակցող համանուն հանձնաժողովներին, բարեկամական խմբերին: Դա մեր աշխատանքի սկիզբն է: Մենք գտնում ենք, որ տեղի է ունեցել առաջինը՝ ագրեսիայի ակտ, պատերազմական հանցագործություններ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, որի արդյունքում խախտվել է միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ նորմեր: Սկսած ՄԱԿ-ի կանոնադրությունից մինչև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա խախտումներ են տեղի ունեցել, հետևաբար բոլոր կառույցներին յուրաքանչյուրի պահանջվող ընթացակարգերով պետք է քննարկվի դրանց դիմելու հարցը», -ասել է Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք հայկական կողմն ունի բոլոր պահանջվող ապացույցները և անհրաժեշտ փաստերը, ի պատասխան պատգամավորն ասել է.

«Բոլոր իմ նշած ուղղություններով ապացուղողական բազան ավելի քան բավարար է, որ նշված գործընթացները պատշաճ իրականացվեն: Այսինքն՝ փաստեր որքան ուզեք, որ այդ բոլոր ուղղություններով ապացուցվեն տեղի ունեցած խախտումները»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 հոգու անհետ կորախների տեղեկությունը հաստատող փաստերը: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմից զոհվել է 46 զինծառայող, 122-ը վիրավորվել է:

Ապրիլի 2-ի ադրբեջանական կողմի հրթիռահրետակոծության ժամանակ ստացած վնասվածքից զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։ Երկու վիրավոր երեխաների վիճակը կայուն է միջին ծանրության է:

Ադրբեջանցի զինվորները նաև Թալիշում դաժանորեն սպանել են երեք խաղաղ բնակչի:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ:

Էլինար Վարդանյանը, խոսելով ազգային փոքրամասնությունների խնդիրներից, խոսել է եզդի զինվոր Քյարամ Սլոյանի մասին, ում օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում գլխատել էին ադրբեջանցի զինվորները:

Արցախում վիրավորված երեխաների վիճակը կայուն է. Շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---