19 ապրիլի 2016 - 16:11 AMT
Շարմազանովը՝ Մոսկվայում. Թուրքիան սպառնում է տարածաշրջանային կայունությանը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին Մոսկվայում մասնակցել է «Միջխորհրդարանական գործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով.

«Մեր հանդիպումը տեղի է ունենում անվտանգության մի շարք հիմնարար խնդիրների շուրջ եզրեր գտնելու դժվարին պայմաններում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը շփման գծի ամբողջ երկայնքով իրականացրեց լայնածավալ սադրիչ ռազմական գործողություններ՝ կիրառելով սպառազինությունների ամբողջ համալիրը, այդ թվում՝ արգելված ռազմատեխնիկա, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա խախտում է իր իսկ կողմից ստորագրված Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ 1994-ի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաև 1995-ի հրադադարի ամրապնդման ռեժիմի մասին համաձայնագիրը», - ասել է նա:

Շարմազանովի խոսքով, նման հանցագործ սադրանքը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրեն դուրս է դնում միջազգային իրավունքից, մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև միջազգային հանրության՝ ուժի չկիրառմանը և վստահության ամրապնդման միջոցներին ուղղված կոչերը:

«Հենց Ադրբեջանը՝ որպես այս լարվածության աճի նախաձեռնող, կրում է իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունը: Այստեղ ծայրահեղ վտանգավոր է Թուրքիայի միակողմանի, հանցագործ դիրքորոշումը, որը բացահայտորեն պաշտպանում և քաջալերում է նման անմարդկային գործողությունները: Այս ամենը ցույց է տալիս, որ Թուրքիան ևս շարունակում է մնալ սպառնալիքներից մեկը տարածաշրջանային կայունության համար», - նկատել է փոխնախագահը:

Նա շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնվում է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի վրա՝ առաջնայնությունը տալով հակամարտությունների լուծման դիվանագիտական մեթոդներին, հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման սկզբունքին:

«Ենթադրում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման դեմ: Հարկավոր է գիտակցել, որ ԼՂ ժողովուրդը նույնպիսի իրավունք ունի ապրել խաղաղ, ազատ եւ անկախ, ինչպես Եվրասիական տարածաշրջանի պետությունների քաղաքացիները:

Մենք կոչ ենք անում բոլորին միասնական պայքար մղել խավարի, բարբարոսության և ատելության դեմ: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը՝ ահաբեկչությունն ու դրանից ծնված հանգամանքներն արմատախիլ անելու համար»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Եվրահանձնաժողովի նախագահը` Ադրբեջանին. Դադարեք կրակել