23 ապրիլի 2016 - 13:13 AMT
«Ավրորա» հանձնաժողովի անդամի կոչը՝ չօգտագործել փախստականներին քաղաքական նպատակով

Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ ներկայացվել են «Ավրորա» մրցանակի կողմից հրապարակված The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։

Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողը ներկայիս և առաջիկա հինգ տարվա հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, ապա՝ հարկադիր միգրացիան։

Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին խոսել է փախստականների ճգնաժամի մասին.

«Մարդիկ, որոնք անցնում են ծանր ժամանակներով, տառապում են: Նման իրավիճակում են հայտնվել քաղաքականության պատճառով»:

«Այսօր այնպիսի միտում կա, որ փախստականներին օգտագործում են քաղաքական նպատակներով: Սա ամենաբիրտ բանն է, որ որևէ մեկը կարող է թույլ տալ իրեն: Կոչ եմ անում այստեղից՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով: Վտանգավոր հարց է դա: Փախստականներն իրական մարդիկ են, կանայք, երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանել»,- ասել է Ջիլանին, գրում է Panorama.am-ը:

«Առաջին անգամ չենք առերսվում տեղահանման ճգնաժամի հետ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո տեղահանումների նման բարձր մակարդակ չի եղել, ինչպես այսօր է»,- քննարկումների ժամանակ ասել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեյվիդ Թոլբերթը:

Ըստ նրա, նման տեղահանումները միտումնավոր քաղաքականության, մարդու իրավունքների սաստիկ խախտումների, որոշ քաղաքականության ձախողումների արդյունք է: Թոլբերթի խոսքով, ակնառու է, որ այս ճգնաժամի հարցում մեծ պատասխանատվություն են կրում միջազգային համայնքի՝ որպես ընդհանուր դերակատար, վարած քաղաքականության ձախողումները:

Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին խոսել է մասնավորապես Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ստեղծված այսօրվա վիճակի ամբողջ պատասխանատվությունը չպետք է բարդել Արևմուտքի վրա:

Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:

Ապրիլի 22-ից 24-ը Երևանում կկազմակերպվեն հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Մրցանակի հավակնորդները չորսն են` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:

Քլունին՝ Ցեղասպանության մասին. Երևույթները պետք է կոչել իրենց անունով, չես կարող հերքել այն, ինչ կատարվել է