«Ավրորա»-ն հրապարակել է փախստականների հարցով համաշխարհային հարցման արդյունքները

«Ավրորա»-ն հրապարակել է փախստականների հարցով համաշխարհային  հարցման արդյունքները

PanARMENIAN.Net - «Ավրորա» մրցանակը հրապարակել է The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։

Հետազոտության պատվիրատուն է «Ավրորա» մրցանակը, իսկ իրականացրել է Edelman Intelligence կազմակերպությունը 2016-ի մարտ-ապրիլ ամիսներին։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողը ներկայիս և առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, իսկ ապա՝ հարկադիր միգրացիան։

The Humanitarian Index հետազոտության համաձայն՝

• Հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսևորելով Մյանմարում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։

• Հարցվողների մեծամասնությունը համարում է, որ փախստականների հարցով առավելագույն արդյունավետությամբ կարող են զբաղվել միջազգային հաստատությունները, սակայն հարցվողների մոտ կեսը զգում է, որ միջազգային հանրությունը լքել է փախստականներին։

• Հարցին, թե միջազգային ո՞ր առաջնորդներն են ի վիճակի լուծել սիրիական ճգնաժամը՝ Բարաք Օբաման (46%) և Անգելա Մերկելը (46%) զբաղեցնում են առաջին տեղերը։ Ապա հաջորդում են Վլադիմիր Պուտինը (33%) և Դեյվիդ Քամերոնը (28%), իսկ շարքը մեծ խզումով ավարտում են Հիլարի Քլինթոնը (17%) և Դոնալդ Թրամփը (9%)։

• Հասարակությունը կարեկցում է փախստականներին, սակայն հնարավորության դեպքում միայն կեսը կօգներ սիրիացի փախստականներին։ Ավելին՝ շատերը թերահավատ են սեփական քայլերով իրական փոփոխություն առաջացնելուն։

Հետազոտությունը բազմաթիվ հարցերում երևան է հանել ընկալումների և իրականության միջև մեծ անհամապատասխանություն։ Ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հասարակությունները զգալիորեն թերագնահատել են սիրիացի փախստականների թիվը (համապատասխանաբար՝ 4.7 մլն, 4.5 մլն և 4.5 մլն)։ Ամերիկացիները մեծապես հետ են ընկնում աշխարհից հարկադիր միգրացիայի հարցում ցուցաբերած անբավարար մտահոգվածությամբ՝ հիմնահարցը դասելով յոթերորդն աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների շարքում։

Հարկադիր միգրացիայի հիմնախնդրի առնչությամբ արևմտյան մի շարք հանրույթներ կարծում են, որ իրենց կառավարություններն արել են երկու անգամ ավելին՝ կարիքի մեջ ընկածներին ապահովելու անհրաժեշտ իրերով: Մեծ Բրիտանիայում համարում են, որ իրենց պետությունն ընդունել է կրկնակի ավելի փախստականների, քան իրականում այնտեղ կա։ Ֆրանսիայում և Գերմանիայում հակամարտության հետևանքով ապաստան ստացած սիրիացիների թվի վերաբերյալ գնահատականները հնգապատիկ գերազանցում են իրական պատկերը։

«Փախստականների համաշխարհային ճգնաժամը գնալով խորանալու է, քանի դեռ աշխարհի առաջնորդները չեն գործում համաձայնեցված, առավել համակարգված ու սկզբունքային ծրագրով՝ իբրև հենարան ունենալով հիմնախնդիրների իրական պատճառների և ծավալների մասին ավելի լավ իրազեկված հասարակություն: Ճգնաժամին վերաբերող յուրաքանչյուր իրատեսական լուծում պետք է անդրադառնա դրա բուն սկզբնապատճառին՝ պատերազմների ահագնացմանը»,-նշել է Միջազգային ճգնաժամային խմբի՝ ճգնաժամերի կանխարգելման անկախ կազմակերպության նախագահ Ժան-Մարի Գեյենոն:

Հետազոտությունը բացահայտել է նաև մարդկանց գործողության մղելու ունակ որոշ ազդակներ։ Փախստականներին օգնելու նպատակով իրական քայլի դիմած մարդկանց քսանյոթ տոկոսը դա արել է՝ լսելով ինչ-որ անձնական պատմություն։ Ընդհանուր առմամբ՝ մեծ հետաքրքրություն է նկատվել իրական մարդկանց մասին ավելի շատ պատմություններ իմանալու հարցում (մոտ 40%-ի դեպքում)։

«Մեզ քաջալերում է այն, որ թեպետև հետազոտության տվյալներով՝ մարդկանց որոշակի ներքին պայքար է հարկավոր կարեկցանքը գործողության վերածելու համար, հասարակությունն ընդհանուր առմամբ հասկանում է, որ մարդասեր այն անհատներն են, որոնք միջամտում են ուրիշներին փրկելու նպատակով կարող են հսկայական ազդեցություն ունենալ,- ասել է Վարդան Գրեգորյանը՝ Կարնեգի ընկերակցության նախագահը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,- իսկ «Ավրորա» մրցանակը հիմնադրվել է՝ ճանաչման ու մեծարանքի արժանացնելու հենց այն հերոսներին, որոնք հանուն փրկության՝ վտանգի են ենթարկում անգամ սեփական կյանքը։ Ցույց տալով, թե մեկ մարդու գործն ինչպիսի արդյունքի կարող է հանգեցնել՝ մենք հուսով ենք, որ դա ևս շատերին կոգևշնչի գործելու»։

Կարևոր տվյալներ

The Humanitarian Index հարցման հավելյալ արդյունքներից նշվում են հետևյալները՝ Սիրիան դարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամի հոմանիշ

• Ընդհանրապես՝ հասարակությունը համարում է, որ Սիրիան է այն երկիրը, որից վերջին տասը տարիներին դուրս եկել է աշխարհի փախստականների մեծ մասը։ Ինչևէ, հասարակությունը տեղյակ չէ Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներից փախստականների մեծ ծավալներին։

• Չնայած Սուդանից և Հարավային Սուդանից դուրս եկած ավելի քան մեկ միլիոն փախստականներին՝ հասարակության միայն 8%-ն է գիտակցում Հարավային Սուդանում հումանիտար ճգնաժամի մասշտաբները։

• Հասարակությունը թերագնահատում է հարևան երկրների կատարած դերը փախստականների ընդունման հարցում։ Աշխարհում հարցվողների միայն 15%-ն է իրավամբ նշել Թուրքիան որպես ամենամեծ թվով փախստականներ ընդունած պետություն, և միայն 2%-ն է տեղյակ ապահով ապաստան տրամադրելու գործում Պակիստանի դերին։

• Ի հակադրություն՝ հասարակությունը գերագնահատում է սեփական երկրներում ապաստանած սիրիացի փախստականների թվաքանակը։ Ֆրանսիայի և Գերմանիայի հասարակություններն այդ թիվը գերագնահատում են հինգ անգամ։

• Համաշխարհային հանրությունը մեծամասամբ (70%) համամիտ է, որ միջազգային մարմիններն են լավագույնս լուծելու աշխարհում փախստականների ճգնաժամը, սակայն միևնույն ժամանակ՝ երկուսից մեկը համարում է, որ միջազգային հանրությունը երես է թեքել սիրիացիներից։

• Միջազգային առաջնորդության վակուումը տարածվում է ընդհուպ մինչև աշխարհի այն առաջնորդները, որոնք, ըստ հարցվողների, չեն կարողացել համարժեք որոշում ընդունել սիրիական ճգնաժամի առնչությամբ։ Հարցվողների շրջանում ընդհանուր կարծիք կա առ այն, որ այդ խնդիրն առավել ունակ են լուծելու երեք առաջնորդներ՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը։ Սա նշանակում է, որ ֆրանսիացիներն ավելի մեծ հույս են տածում Անգելա Մերկելի նկատմամբ, քան Ֆրանսուա Օլանդի (համապատասխանաբար՝ 51% և 36%), իսկ բրիտանացիները համարում են, որ Մերկելը կարող է գործել նույն կերպ՝ ինչպես և Դեյվիդ Քամերոնը (համապատասխանաբար՝ 41% և 39%)։

• Չնայած իներցիային և թերահավատությանը՝ հասարակությունն օգնությունը համարում է պատվի հարց։ Հարցվողների 71%-ը մեծ հարգանք ունի այն անհատների նկատմամբ, ովքեր մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով մեկնում են հակամարտությունների գոտիներ, իսկ 69%-ը հավատում է, որ մարդասիրական ոլորտի աշխատողները մեծագույն խիզախություն պետք է ունենան սեփական կյանքին սպառնացող վտանգի դեպքում այդ օգնությունը կարիքավորներին հասցնելու համար։ Պատասխանատվության սեփական զգացումը գնահատելիս՝ իրական քայլ կատարելու գործում ձեռնպահ մնացածների 49%-ն այդպես է վարվել այն մտավախությունից, թե ինչպես են գործածվելու իրենց դրամական հանգանակությունները։

Հարցման ընտրանքը ներկայացուցչական էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր համախմբությունների համար տարիքի, սեռի և բնակության վայրի առումով։ Այն ներկայացուցչական էր նաև Լիբանանի և Իրանի առցանց բնակչության առումով. այսինքն՝ այդ երկրների ընտրանքում առավելապես ներկայացված է եղել բնակչության կրթված հատվածը։

Կարդացեք նաև՝ «Ավրորա» հանձնաժողովի անդամի կոչը՝ չօգտագործել փախստականներին քաղաքական նպատակով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---