Ավտոբուսի պայթյունից տուժածների թիվը հասել է 8-ի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Ավտոբուսի պայթյունից տուժածների թիվը հասել է 8-ի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյանում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։ Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը:Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները քայլեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Առավոտյան տղաները կրկին անցել են բոլոր անհրաժեշտ հետվիրահատական հետազոտությունները, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երկուսն էլ եկել են գիտակցության, սակայն մեկը դեռևս շնչում է արհեստական սարքի օգնությամբ: Բժշկական անձնակազմի խոսքով` երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական և պլաստիկ կրկնակի վիրահատություններ:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում:Զոհվել էր 2 մարդ:

Առավոտյան ժամը 04:00-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինն ինքնուրույն էր հեռացելպատահարի վայրից, սակայն ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական հաստատություն: Մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Մյուս 6 տուժածի առողջական վիճակը մասնագետների և անձամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է, ով այս պահին ևս հիվանդանոցում է:

Տուժածներից հղի կնոջը և պտղին նույնպես վտանգ չի սպառնում։ Կինն ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռամիկ Աբրահամյանի հսկողության ներքո է։ Եվս մեկ տուժած ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից և դուրս է գրվել։ Բոլոր տուժածներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով։ Արմեն Մուրադյանը շարունակում է մասնագետների հետ քննարկել տուժածների բուժօգնության մանրամասները:

Կարդացեք նաև՝ Պայթյուն ավտոբուսում՝ Հալաբյան փողոցում. 2 զոհ կա, 7 տուժած (թարմացված)

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---