Կոնվերս Բանկը՝ ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի մրցանակակիր. $3.7 մլն-ի ակրեդիտիվ է թողարկել

Կոնվերս Բանկը՝ ՎԶԵԲ-ի առևտրի աջակցման ծրագրի մրցանակակիր. $3.7 մլն-ի ակրեդիտիվ է թողարկել

PanARMENIAN.Net - 2016-ի մայիսի 10-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Կոնվերս Բանկին շնորհել է «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակը՝ GE Healthcare նոր սերնդի բարձրակարգ բժշկական սարքավորումներով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ամբողջական տեխնիկական վերազինմանն աջակցելու համար:

Լոնդոնում՝ ՎԶԵԲ-ի Տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ժամանակ, մրցանակը հանձնվել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանին և Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանին:

Առևտրի աջակցման ծրագրի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ մրցանակը շնորհվել է «Սոցիալական ներգործություն» անվանակարգում՝ գործարքը ճանաչելով բացառիկ ոչ միայն իր յուրահատուկ ֆինանսական կառուցվածքով, այլ նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում իր սոցիալական նշանակությամբ:

Գործարքի իրականացման համար Կոնվերս Բանկի կողմից թողարկվել էր $3.7 մլն-ի ակրեդիտիվ՝ համաշխարհային առողջապահության ոլորտում տրանսֆորմացիոն բժշկական տեխնոլոգիաների և լուծումների առաջատար մատակարար General Electric Medical Systems ընկերությունից նորարարական բժշկական սարքավորումները առաջին անգամ Հայաստան ներկրելու համար: Ակրեդիտիվը հաստատվել է բելգիական KBC Բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով:

«Սա կրկնակի նվաճում է մեզ համար: Ծրագիրն ազդարարում է Հայաստանում լիովին նոր բարձրորակ բժշկական ծառայությունների և լուծումների դարաշրջան: Եվ երկրորդ, հանդիսանալով ՎԶԵԲ-ի երկար տարիների գործընկերը, մեզ համար պատիվ է ստանալ այս կարևոր մրցանակը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մրցանակը շնորհվել է «Սոցիալական ներգործություն» անվանակարգում առաջին անգամ»,- ասել է Տիգրան Դավթյանը:

GE Healthcare ժամանակակից բժշկական սարքավորումներն ունեն ամենամեծ պահանջարկն աշխարհում, քանի որ ապահովում են ճշգրիտ և արդյունավետ ախտորոշում և կրճատում են ճառագայթման ռիսկը: Նոր սարքավորումների շնորհիվ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնն այսօր կարող է ախտորոշել նույնիսկ ամենաբարդ հիվանդությունները, ինչպես նաև ապահովել բարձր որակի բուժում և կատարել նորարարական վիրահատություններ:

Սարքավորումների տեղադրումից հետո, 2015թ. հուլիսից մինչև 2015թ. տարեվերջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների հոսքը ավելացել է 12-15 տոկոսով: Սպասվում է, որ 2016թ.-ին այն կավելանա 20-25 տոկոսով: Իրականում նախագիծը մեկանգամյա բնույթ չի կրում. բացի սարքավորումների մատակարարումից GE Medical Systems ընկերությունը կանցկացնի վերապատրաստում և կտրամադրի երաշխիքային սպասարկում առաջիկա հինգ տարիների ընթացքում:

«Հաստատված ակրեդիտիվը մի քանի կողմերի մասնակցությամբ իրականացված բարդ միջնորդական գործարքի մի մասն էր: Գործարքն իրականացնելու և Կոնվերս Բանկի հաճախորդների ծախսերն ու հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, մեր կողմից մշակվել է գործարքի յուրօրինակ կառուցվածք, շահավետ՝ գործարքում ներգրավված բոլոր կողմերի համար: Մենք բարձր ենք գնահատում KBC Բանկի և ՎԶԵԲ-ի կողմից ցուցաբերած շարունակական աջակցությունը, որը թույլ տվեց Կոնվերս Բանկին ապահովել լավագույն հնարավոր լուծումը այս բարդ բազմակողմ գործարքի համար»,- ասել է Իննեսա Ամիրբեկյանը:

Այս գործարքը հիմք հանդիսացավ՝ ՎԶԵԲ-ի Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում ամենաակտիվ հաստատող բանկերից մեկի՝ KBC Բանկի հետ առևտրի ֆինանսավորման բնագավառում հետագա գործակցության զարգացման համար: Իր հերթին ՎԶԵԲ-ն աջակցություն է ցուցաբերել այս գործարքին, քանի որ վերջինս համահունչ է մասնավոր բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների զարգացումը խթանող իր քաղաքականությանը: Առևտրի աջակցման ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009-ին և շարունակաբար զարգացել և ընդլայնվել է տարիների ընթացքում:

«Կոնվերս Բանկը Հայաստանում մեր երկարամյա և հավատարիմ գործընկերն է: Մենք բարձր ենք գնահատում Բանկի հանձնառությունն ու նվիրվածությունը՝ ուղղված Հայաստանում և տարածաշրջանում առևտրի ֆինանսավորման զարգացմանը»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

Նրա խոսքով, Կոնվերս Բանկն իր գործունեությամբ նպաստում է Հայատանի՝ որպես տարածաշրջանային ինտեգրման առաջատարի հանդես գալուն, քանի որ միջսահմանային առևտրի խթանումը ճանապարհ է հարթում էլ ավելի համապարփակ միջտարածարշրջանային համագործակցության, ինչպես նաև նպաստում է երկրի ընդհանուր տնտեսական աճին:

Կարդացեք նաև՝ Կոնվերս Բանկն ամփոփել է Visa Shopping Festival-ի արդյունքները. Հաղթողը 1 մլն դրամ է ստացել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---