ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանը ձգտում է վերահսկել Ղարաբաղի մերձակա տարածքները

ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանը ձգտում է վերահսկել Ղարաբաղի մերձակա տարածքները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում իր վերահսկողությունը հաստատելն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը մայիսի 16-ին ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցում:

«Դա կարող է տեղի ունենալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է պաշտոնյան:

«Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Նրանք էլ կարող են այդ կարգավիճակը ստանալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ըստ նրա, հենց Ադրբեջանն է այն կողմը, որն ի սկզբանե դեմ էր լրացուցիչ դիտարկումներին շփման գծում: «Նրանք դեմ էին վստահության ամրապնդման ցանկացած միջոցի, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանմանը»,-ասել է նա:

Ընթերցեք նաև. ԱՄՆ Պետդեպ. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական էր, ճիշտ ուղղությամբ քայլ էր .

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---