ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները ստորագրել են վիզային ռեժիմը չեղարկելու հուշագիրը

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները ստորագրել են վիզային ռեժիմը չեղարկելու հուշագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Իրանի նախագահի նստավայրում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրել են Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը:

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը կարևորել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը և առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարևոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվել է հանձնառությունը՝ հետևողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվել է արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին: Քննարկել են աշնանը Թեհրանում կայանալիք 14-րդ նիստի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ. ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարևորվել է Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Ռոուհանին նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորել դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Ընթերցեք նաև. Ռոուհանի. Հայաստանի հետ տնտեսական կապերը զարգացնելու հնարավորություն կա

Photo: MEHR
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---