Նահապետյան. ՌԴ հետ սպառազինության վերաբերյալ համաձայնագրով աշխատանքն ընթացքի մեջ է

Նահապետյան. ՌԴ հետ սպառազինության վերաբերյալ համաձայնագրով աշխատանքն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված սպառազինության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են որոշ գործողություններ, աշխատանքն ընթացքի մեջ է: Այսպիսի հայտարարություն է արել ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, հայտնում է Panorama.am-ը:

«Դուք ի՞նչ տեղեկություն ունեք Ռուսաստանի հետ կնքված 200 մլն դոլարի ապրանքային վարկի կիրառման ընթացքի վերաբերյալ, որովհետև ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղյակ էինք, որ այդ վարկը չի կատարվել և մատակարարումները դեռևս նույնիսկ չեն սկսվել, ինչը պետք է մեզ մտահոգության տեղիք տար», - հարցրել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է մայիսի 23-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ դռնփակ նիստում այդ հարցի վերաբերյալ քննարկումը, որտեղ նախարարը պարզաբանումներ այդ հարցի վերաբերյալ տվել է:

Կորյուն Նահապետյանը հավելել է, որ մայիսի 23-ից հետո ինչ-ինչ աշխատանքներ կատարվել են, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրականացվել են գործողություններ, աշխատանքը ընթացքի մեջ է: «Հավելյալ մանրամասներ չեմ կարող հրապարակել»,-ասել է նա:

«Իհարկե, տիրապետում եմ ավելի տեղեկատվության, քան կարող եմ հրապարակել, բայց ուղղակի ելնելով բանակցային գործընթացի մանրամանսերից և կողմերի միջև վստահության մթնոլորտը չխաթարելու տրամաբանությունից, չէի ուզենա լրացուցիչ մանրամասներ հայտնել այդ համաձայնագրի մասին: Ուղղակի կասեմ, որ պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է իրականացնում այդ համաձայնագրով նախատեսված միջոցների ձեռք բերման համար», -ասել է Կորյուն Նահապետյանը:

Դեռ 2015-ի հունիսի 26-ին Երևանում «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիր էր ստորագրվել, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից $200 մլն զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա գումարը վճարելով 10 տարվա ընթացքում: Համաձայնագիրը Հայաստանի Ազգային ժողովում վավերացվել էր դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին:

Վարկային համաձայնագիրը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ռուսական աղբյուրները, նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ռազմամթերք, «Իգլա» զենիթային հրթիռային համակարգեր և դրա հրթիռներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, «ՏՕՍ-1Ա» ծանր կրականետ համակարգեր` «ТЗМ-Т» տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, «9М113М» հրթիռներ, «ՌՊԳ-26» ականանետեր, «B-429Е» պայթուցիչներ, «ՍՎԴ» դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, «Տիգր» զրահապատ մեքենաներ, ինժեներական եւ կապի միջոցներ:

Ընթերցեք նաև. Օհանյան. Աշխատում ենք ռուսական զենքի ձեռքբերումն արագացնելու ուղղությամբ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---