Մերկելը քննադատության թիրախում է Էրդողանի մեղադրանքներին մեղմ արձագանքելու համար

Մերկելը քննադատության թիրախում է Էրդողանի մեղադրանքներին մեղմ արձագանքելու համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել են թուրքական իշխանությունների հնչեցրած մեղադրանքներին ու բանավոր հարձակումներին մեղմ արձագանքելու համար, հայտնում է Tert.am-ը բրիտանական Express-ի վրա հղումով:

Երկու դաշնակիցների միջև լուրջ վեճից հետո Մերկելը ստիպված է պայքարել Եվրոպային ներգաղթային ճգնաժամից փրկող Թուրքիայի հետ համաձայնագիրը երաշխավորելու համար: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել կանցլերին այն բանից հետո, երբ գերմանացի օրենսդիրները քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, իսկ թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականները մահվան սպառնալիքներ են ստացել քվեարկությունից հետո:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ազգությամբ թուրք գերմանացի պատգամավորները, որոնք քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, պետք է արյան հետազոտություն անցնեն, քանի որ նրանց ծագումը կասկածելի է:

Մերկելը Թուրքիայի հայտարարություններն «անհասկանալի է» մեկնաբանել և պաշտպանել պատգամավորներին՝ ասելով, որ նրանք «ազատ ընտրված խորհրդարանականներ են»:

Նրա մեկնաբանությունները լուրջ քննադատության են արժանացել գերմանացի խորհրդարանականների կողմից, ովքեր նրան մեղադրել են Թուրքիայի հայտարարությունները հանդիմանելուն ուղղված բավականաչափ քայլեր չձեռնարկելու համար:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլաուդիա Ռոթն ասել է. «Կանցլերը պետք է Էրդողանի նկատմամբ հստակ դիրքորոշում ընդունի: Մենք չենք կարող նրան թույլ տալ այդպես հեշտ անցկացնել դա»: Սոցիալ- դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օպերմանը նույնպես Մերկելին մեղադրել է իր դիրքորոշումը հստակ չներկայացնելու համար: Նրա խոսքով՝ Մերկելը պետք է հստակ ցույց տա, որ նա գերմանացի խորհրդարանականների դեմ այդ հետապնդումներն «անընդունելի է համարում»:

Լրատվամիջոցը նշում է, որ Մերկելը լուրջ քննադատության թիրախում է հայտնվել ներգաղթային ճգնաժամից հետո, իսկ նրա կառավարությունում իրավիճակը «40 տարվա ընթացքում կուսակցության ամենավատ ներքին ճգնաժամն» է համարվում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը խորհրդարանի հունիսի 9-ի առավոտյան նիստը սկսել է Թուրքիայի նախագահ էրդողանի հասցեին խիստ հայտարարությունից:

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել: Գերմանիայի խորհրդարանում թուրքական արմատներ ունեցող պատգամավորներից երկուսը՝ Գյուլիսթան Յուքսելն ու Մահմութ Օզդեմիրը, քվեարկությանը չեն մասնակցել: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը:

Ընթերցեք նաև. Բունդեսթագի նախագահ. Խորհրդարանը համարժեք կարձագանքի էրդողանի սպառնալիքներին

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---