Բունդեսթագի նախագահ. Խորհրդարանը համարժեք կարձագանքի էրդողանի սպառնալիքներին

Բունդեսթագի նախագահ. Խորհրդարանը համարժեք կարձագանքի էրդողանի սպառնալիքներին

PanARMENIAN.Net - Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը խորհրդարանի հունիսի 9-ի առավոտյան նիստը սկսել է Թուրքիայի նախագահ էրդողանի հասցեին խիստ հայտարարությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ատելությամբ լցված սպառնալիքների պատճառը… որոշ չափով կապված է թուրք քաղաքական գործիչների հայտարարությունների հետ: Ես անհնար էի համարում, որ 21-րդ դարում ժողովրդավարական կարգով ընտրված նախագահը իր քննադատությունը գերմանական Բունդեսթագի ազատ ընտրված պատգամավորների հասցեին կարող է կապել նրանց թուրքական ծագման վերաբերյալ կասկածների հետ` նրանց արյունն անվանելով «փչացած»,-ասել է Լամերտը` բուռն ծափահարությունների արժանանալով դահլիճում, որտեղ ներկա էր նաև կանցլեր Անգելա Մերկելը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ազգությամբ թուրք գերմանացի պատգամավորները, որոնք քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, պետք է արյան հետազոտություն անցնեն, քանի որ նրանց ծագումը կասկածելի է:

Ըստ Լամերտի, գերմանացի պատգամավորները պատրատ են բանավիճել և քննադատության ենթարկվել, սակայն «յուրաքանչյուր ոք, ով փորձում է սպառնալիքների միջոցով ճնշում գործադրել առանձին պատգամավորների վրա, պետք է իմանա, որ հարձակվում է ամբողջ խորհրդարանի վրա»: Նա հավելել է, որ Բունդեսթաբը «համարժեք կարձագանքի դրան» այն լծակների միջոցով, որոնք ունի ըստ օրենքի:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիան պատասխան միջոցներ է նախապատրաստում Գերմանիայի դեմ:

Ինչպես հայտնի է, 631 անդամ ունեցող Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևին հունիսի 2-ին դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել։Միակ դեմը կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից Բեթինա Կուդլան էր։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորը ևս Մերկելի կուսակցության ներկայացուցիչ էր։

Գերմանիայի խորհրդարանում թուրքական արմատներ ունեցող պատգամավորներից երկուսը՝ Գյուլիսթան Յուքսելն ու Մահմութ Օզդեմիրը, քվեարկությանը չեն մասնակցել: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել բանաձևին։ Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---