Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով երկրպագուները կդիմեն դատարան

Ռամազոտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի հարցով երկրպագուները կդիմեն դատարան

PanARMENIAN.Net - Հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտիի համերգը չեղյալ է հայտարարվել ապրիլի 26-ին։ Այդ օրվանից տոմսեր գնած քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները։ Նրանցից մեկը Գայանե Դեմիրչյանն է։ Նա 60.000 դրամով 4 տոմս է գնել։

Ռամազոտիի երևանյան համերգը կայանալու էր 2016-ի ապրիլի 26-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մարտի 29-ին, սակայն, Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակում Ռուսաստանում, էստոնիայում և Հայաստանում կայանալիք համերգները չեղարկվել են:

«Կազմակերպիչներն ասում են՝ այս պահին գումար չունենք տալու, քանի որ գովազդի ու դահլիճի վրա մեծ ծախսեր ենք արել»,-ասել է Դեմիրչյանը:

Տուժածի խոսքով, չկայացած համերգի կազմակերպիչները` «Ֆորպոստարտ» ընկերության աշխատակիցները խոստացել էին գումարները վերադարձնել մայիսի 26-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Սակայն, մինչև օրս ոչ մի տեղաշարժ չկա։

Մայիսի 31-ին հայտարարեվել է, որ իտալացի երգիչ Էրոս Ռամազոտտիի՝ չեղյալ հայտարարված համերգի տոմսերի գումարները գնորդներին կվերադարձվեն ավելի ուշ, քան որոշված էր: Նախապես հայտարարվել էր, որ այդ գործընթացը տեղի կունենա մայիսի 26-ից հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում, սակայն Global Communications ընկերությունը, որի պատճառով և ապրիլի 26-ին նախատեսված երևանյան համերգը չի կայացել, հետաձգել է ժամկետը մինչև սեպտեմբերի 15-ը:

Դեմիրչյանը փաստաբան է։ Որոշել է դիմել դատարան` պաշտպանելով նաև մյուսների շահերը։ Այս գործընթացը նա իրականացնելու է անվճար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ինձ դիմելու համար քաղաքացիները 2 օր ժամանակ ունեն։ Պետք է ներկայացնեն իրենց անձնագրի և գնած տոմսերի պատճեները։ Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի վճարել իր գնած տոմսի 2 տոկոսի չափով պետական տուրք. սա օրենսգրքով նախատեսված դատական կանոն է։ Եթե դատարանում գործն ավարտվի հաղթանակով, այդ դեպքում պետական տուրքերը կվերադարձվեն»,-ասել է Դեմիրչյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ ավելացրել է` քաղաքացիները կարող են միանալ «Էրոս Ռամազոտի համերգի տոմսերի վերադարձ» ֆեյսբուքյան խմբին կամ զանգահարել 010 430-930 հեռախոսահամարով։

«Եթե անհատական չմիանան, որևէ մեկն իրավասու չէ նրանց փոխարեն պայքարել իրավունքների պաշտպանության համար։ Ավելի քան 40 մարդ է այս պահին միացել։ Խնդիրը միայն այս դեպքը չէ։ Սա պետք է դառնա նախադեպ։ Ինստիտուցիոնալ լծակ պետք է լինի գործադիր իշխանության կողմից։ Բայց այս ամենից զատ, մարդիկ իրենք չպետք է վստահեն նման ընկերություններին»,- ասել է Պիպոյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---