ՀՀ պատվիրակը` ԵԽԽՎ-ում. Թուրքիան շանտաժի առարկա է դարձրել փախստականներին

ՀՀ պատվիրակը` ԵԽԽՎ-ում. Թուրքիան շանտաժի առարկա է դարձրել փախստականներին

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվում էր Հունաստանում փախստականների վերաբերյալ զեկույցը։ Քննարկմանը ելույթ է ունեցել նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը: : Պատգամավորը ելույթում մասնավորապես ասել է. «Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը, մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, օր, երբ պետք է գործենք և հոգ տանենք:

Միգրանտների և փախստականների խնդիրը վերաբերում է ողջ Եվրոպային, և մեր բոլորի համար թիվ մեկ և ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ միգրանտները կամ փախստականները, ինչպես էլ մենք անվանենք նրանց, սովորական մարդիկ են, մարդիկ, ովքեր հարկադրված լքել են իրենց հայրենիքը և հանգամանքների բերումով բնակություն հաստատել օտար պետություններում: Օտար երկրում նրանք ինտեգրվելու խնդիր ունեն, խնդիր ունեն ընդունելու նոր երկիրը և ընդունվելու այն նորի կողմից»:

Կարապետյանը նշել է, որ հայ ժողովուրդի պատմությունը նույնպես փաստում է այդ մասին. հարյուր հազարավոր հայեր ստիպված են եղել լքել իրենց տները և նոր ապաստան գտնել օտար երկրներում, որպեսզի փրկեն իրենց կյանքը կոտորածից: Հարյուր տարի առաջ նրանք տեղահանվել են` թուրքերի կողմից կատարված Ցեղասպանության պատճառով:

Նա հավելել է, որ շատ փախստականներ բնակություն են հաստատել եվրոպական շատ երկրներում, և ճիշտ ժամանակն է, որպեսզի աշխարհը այս կարիքավոր մարդկանց նկատմամբ մարդասիրություն ցուցաբերի: «Իմ երկիրն ապաստան է տվել մոտ 30.000 փախստականի: Հայաստանն այն երկիրն է, որն ընդունել է մի շարք օրենսդրական կարգավորումներ՝ այս մարդկանց գործարար ոլորտում տալով արտոնություններ` լիարժեք ինտեգրվելու նպատակով: «Մեր կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Հայաստանում ապաստան գտած մարդկանց կյանքի նորմալ պայմաններն ապահովելու նպատակով»,-ասել է նա:

Կարապետյանը նշել է, որ եվրոպական շատ երկրներ են ապաստան տվել փախստականների, և այժմ էլ բարձրացնելով նրանց անվտանգության ապահովման մասին այս նուրբ հարցը` մենք ի ցույց ենք դնում միգրանտների նկատմամբ մեր բոլորի կողմից հոգատարությունը: Սա բնական է, բոլորս էլ մարդ ենք:

«Սակայն, Եվրոպայի Խորհրդի անդամ հանդիսացող մի պետություն՝ Թուրքիան, փախստականների հանդեպ ունի այլ մոտեցում` դարձնելով նրանք քաղաքական շահարկումների և անգամ շանտաժի գործիք: Նա նույնիսկ սպառնում է հարևան պետություններին «միգրանտների համար սահմանը բացելով»: Արդյո՞ք սա ընդունելի պահվածք է Եվրոպայի համար: Համոզված եմ ՝ ոչ:

Զեկուցողը լավ աշխատանք է կատարել: Հունաստանն այսօր ունի մեր աջակցության կարիքը, Հունաստանի միգրացիոն ծառայությունն ունի մեր աջակցության կարիքը: Փախստականներին, հատկապես միգրանտ կանանց և երեխաներին պաշտպանելու անհրաժեշտություն կա»,-ասել է նա:

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրիվիրթը հայտարարել է, որ ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը, նույնպես պատճառ է դարձել նոր ավերածությունների, մարդկային տառապանքների և տեղահանության` ներառյալ դեպի Հայաստան: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի Թալիշ եւ Մատաղիս գյուղերից են:

Ընթերցեք նաև. ՄԱԿ-ի պաշտոնյան կոչ է արել օգնել Թալիշի, Մատաղիսի փախստականներին. Աջակցել են 1400 հոգուն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---