Կաթողիկոս. Խորհրդային տարիներին Գյումրին աղոթավայր էր՝ անկախ քրիստոնյաների ազգությունից ու դավանանքից

Կաթողիկոս. Խորհրդային տարիներին Գյումրին աղոթավայր էր՝ անկախ քրիստոնյաների ազգությունից ու դավանանքից

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Գյումրի քաղաքի Սուրբ Վարդանանց հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է Սուրբ Պատարագը:

Կաթողիկոս Գարեգին երկրորդը Պատարագից հետո իր ելույթում ասել է.

«Ձերդ Սրբություն, այսօր երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին: Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն՝ բարի գալուստ ենք մաղթում Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին», - ասել է Կաթողիկոսը:

Նրա խոսքով, Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հյուրընկալության սիրառատ ոգին: «Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը»:

Ամենայց հայոց կաթողիկոսը նշել է, որ խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում և փակվում էին եկեղեցիները, և միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց և հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների և Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար՝ անկախ ազգային ու դավանական պատկանելությունից՝ լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս:

«Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց և առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը` բերված Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկոլայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը: Այսպես Գյումրին և Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը», - պատվել է Գարեգին երկրորդը:

«Սիրեցյալ եղբայր ի Քիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաև կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար և զավթողական քաղաքականության ծանր հարվածները և այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց՝ իբրև հարյուր տարի առաջ իրագործված ցեղասպանության և շարունակվող ժխտողական քաղաքականության վկա:

Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով ու քաջարի ոգով դիմագրավեցին նաև երկրաշարժի աղետը: Այս առիթով ի դեմս Ձերդ Սրբության՝ երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին՝ համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23-24)»:

Կաթողիկոսը նշել է, որ այսօր էլ գյումրեցիները շարունակում են հաղթահարել դժվարությունները և ջանքեր բերում՝ բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները՝ իբրև Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը:

«Սուրբ առաքյալների և Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ձեր այցելությունը Գյումրի հոգևոր նորոգություն է Շիրակի տարածաշրջանի հավատացյալներին և միշտ պիտի հիշվի սիրով ու ջերմությամբ: Ուրախ սրտով վերստին հաստատում ենք, որ Ձեր այցը նոր վկայություն է մեր Եկեղեցիների բարի հարաբերությունների: Թող Աստված ամուր պահի եղբայրությունը և արգասավորի գործակցությունը մեր Եկեղեցիների այսօր և միշտ: Ամեն»:

Հունիսի 25-ի առավոտյան Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:

Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Հռոմի պապը՝ Գյումրիում. Այստեղ իրականացվել են Եսայի մարգարեի խոսքերը

58  25.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում պատարագ է մատուցել
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---