Կաթողիկոսի ու Պապի հռչակագիրը՝ Ղարաբաղի, ցեղասպանության, խաղաղության ու ավանդական արժեքների մասին26 հունիսի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Հռչակագրում անդրադարձ կա հարցերի լայն շրջանակին՝ ղարաբաղյան հարցից ու Հայոց ցեղասպանությունից մինչև թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ և ավանդական ընտանիքը: «Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում», - ասվում է հայտարարությունում: Ցեղասպանության հարցը հիշատակվում է 2015թ, ապրիլի 12-ի պատարագը վերհիշելու համատեքստում՝ «վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն»: «Մենք ընդունում ենք այն, ինչն արդեն իսկ արվում է, բայց պնդում ենք, որ ավելին պետք է արվի քաղաքական առաջնորդների և միջազգային կառույցների կողմից, որպեսզի ապահովված լինի բոլորի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը, պաշտպանված լինի օրենքի գերակայությունը, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, կանխված լինեն մարդկային թրաֆիքինգը և մաքսանենգությունը», - ընդգծվում է հայտարարությունում: «Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա», - նշվում է տեքստում: Հռչակագրի ողջ տեքստը՝ ստորև. Հռչակագրում նշված է.«Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ֆրանցիսկոս պապը, ընծայում ենք մեր մտքերը և սրտերը որպես շնորհակալության տուրք Ամենակարողին` պայքարով քայքայված և սփոփանքի ու հույսի ծարավով լեցուն աշխարհում շարունակելու և մեծացնելու հավատի ու սիրո սերտ կապերը Հայոց եկեղեցու և Կաթոլիկ եկեղեցու միջև՝ փրկության ավետարանական ուղերձի իրենց համընդհանուր վկայությամբ: Մենք փառաբանում ենք ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ընձեռելու համար մեզ հնարավորությունը մեկտեղվելու բիբլիական Արարատի երկրում, որը կանգուն է որպես վկայություն, որ Աստված է միշտ մեր պաշտպանությունն ու փրկությունը»: Հռչակագրում նշվում է, որ 2001-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով Հայաստան այցելեց Սուրբ Հովհաննես-Պողոս Բ Պապը՝ որպես Հայ և Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական ջերմ հարաբերությունների պատմության նոր էջի վկայություն: «Մենք երախտապարտ ենք, որ շնորհն ենք ունեցել միասին լինելու Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, հանդիսավոր պատարագի ժամանակ, 2015թ, ապրիլի 12-ին, որտեղ մենք մեր հանձնառությունն արտահայտեցինք հակադարձելու բռնության ու անհանդուրժողականության ցանկացած դրսևորում՝ վերակոչելով այն, ինչ արդեն հաստատվել էր Հովհաննես Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ, որ «մեկուկես միլիոն հայ քրիստոնյաների բնաջնջումն ընդհանրապես ընկալվում է իբրև Ի դարի առաջին ցեղասպանություն» (Համատեղ հայտարարություն, Գարեգին Բ և Հովհաննես-Պողոս Բ, 27 սեպտեմբերի, 2001 թ.): Ցավոք, մենք վկաներ ենք մեր աչքերի առաջ տեղի ունեցող մի մեծ ողբերգության՝ անթիվ անհամար անմեղ մարդկանց սպանությունների, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ ծագերում էթնիկ, տնտեսական, քաղաքական և կրոնական հիմքերի վրա զարգացող շարունակական բնույթի հակամարտություններով թելադրված տեղահանումների կամ պարտադրված ցավալի ու անորոշ աքսորների: Այդ ամենի արդյունքում կրոնական և էթնիկ փոքրամասնությունները դարձել են հալածանքների և դաժան վերաբերմունքի թիրախ, այն առումով, որ սեփական կրոնական համոզմունքի համար տառապելը դարձել է ամենօրյա իրականություն: Մենք հորդորում ենք ազգերի առաջնորդներին՝ ունկնդրելու միլիոնավոր մարդկային արարածների կոչին, ովքեր խաղաղություն և արդարություն են տենչում աշխարհում, ովքեր հարգանք են պահանջում իրենց աստվածատուր իրավունքների նկատմամբ, ովքեր անհապաղ կարիք ունեն հացի, այլ ոչ թե զենքերի: Ցավոք, մենք ականատես ենք կրոնի և կրոնական արժեքների արմատական դրսևորումների, որոնք կիրառվում են՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար: Նմանատիպ հանցանքների՝ կրոնական գաղափարներով արդարացումն անընդունելի է, քանի որ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ խաղաղության» (Ա Կոր. 14:33): Ավելին, կրոնական տարբերությունների հանդեպ հարգանքն անհրաժեշտ պայման է էթնիկ ու կրոնական տարբեր համայնքների խաղաղ համակեցության համար: Եվ հենց քրիստոնյա լինելով է, որ մենք կոչված ենք խաղաղության ու հաշտության ուղիներ փնտրելու և իրագործելու: Այս իմաստով մենք հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը կգտնեն խաղաղ լուծում»: Նշվում է, որ այն ամենը Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին, երբ Նա ասաց. «Ես սոված էի, և դուք ինձ հաց տվեցիք, ես ծարավ էի և դուք ինձ խմելու մի բան տվեցիք, ես օտարական էի, և դուք ինձ ընդունեցիք, ես մերկ էի, և դուք ինձ հագցրեցիք, ես հիվանդ էի, դուք ինձ այցելեցիք, ես բանտում էի, և դուք եկաք ինձ տեսության» (Մատթ. 25:35-36): «Հասարակության ստվար հատվածների աշխարհիկացումը, օտարումը հոգևորից ու աստվածայինից, անխուսափելիորեն հանգեցնում են մարդու և մարդկային ընտանիքի ապասրբացմանն ու նյութապաշտական ընկալմանը: Այս առումով մենք մտահոգ ենք շատ երկրներում ընտանեկան կյանքի ճգնաժամով: Հայ և Կաթոլիկ եկեղեցիներն ընտանիքի մասին նույն ընկալումն ունեն, որը հիմնված է ազատ կամքով ու հավատարմությամբ ծնված սիրո արդյունք հանդիսացող տղամարդու և կնոջ ամուսնության վրա»: Հռչակագրով հորդորում են հավատացյալներին ներդաշնակ կերպով աշխատելու հասարակության մեջ քրիստոնեական արժեքների զորացման համար, որոնք արդյունավոր կերպով նպաստում են արդարության, խաղաղության և մարդկային համերաշխության քաղաքակրթության կառուցմանը: «Սուրբ Էջմիածնից մենք կոչ ենք անում մեր բոլոր հավատացյալներին միանալու մեզ աղոթքով, Սուրբ Ներսես Շնորհալու խոսքերով. «Փառավորյալ Տեր, ընդունիր ծառաներիդ աղաչանքները և ի բարին կատարիր մեր խնդրանքները՝ բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի, և Հովհաննես Մկրտչի, և Սուրբ Ստեփանոս Նախավկայի, և մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի, և սուրբ առաքյալների, մարգարեների, վարդապետների, մարտիրոսների, հայրապետների, ճգնավորների, կույսերի և Քո բոլոր երկնային ու երկրային սրբերի: Եվ Քեզ՝ անբաժանելի Սուրբ Երրորդությանդ, փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից, ամեն»»: Կարդացեք նաև՝ Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել Գարեգին Բ. Մենք թանկ գնով պաշտպանում ենք Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |