Մոուրինիո. Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է

Մոուրինիո. Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է ակումբի նոր ձեռքբերումների մասին` անդրադառնալով նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Armsport.am-ը:

«Մենք ձեռք ենք բերել Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին: Ընդ որում` ոչ թե երկրպագուների կողմից, այլ ֆուտբոլիստների կողմից լավագույնը ճանաչված: Երբ դու ճանաչվում ես լավագույնը ֆուտբոլիստների որոշմամբ, դա շատ մեծ բան է նշանակում: Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Ինձ համար տպավորիչ են հատկապես նրա խփած գոլերը: Նրա գոլային փոխանցումների թիվն արդեն իսկ խոսում է բարձր կարգի և ստեղծարար ֆուտբոլ խաղալու մասին: Հուսով ենք, որ նա կկարողանա ավելացնել տեմպը»,- ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել նաև Զլատան Իբրահիմովիչը:

Հուլիսի 2-ին Դորտմունդի «Բորուսիան» հաստատեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին տեղեկությունները:

Ըստ գերմանական Bild-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն կվճարի Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվում է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Նախորդ խաղաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբում 52 հանդիպման է մասնակցել, 23 գոլ է իրացրել և 32 արդյունավետ փոխանցում կատարել: Հայաստանի հավաքականի կազմում Մխիթարյանը 59 հանդիպման է մասնակցել և 19 գոլի հեղինակ դարձել:

Ընթերցեք նաև. Գյունդոգան. Մխիթարյանը «Բորուսիայի» ամենակարևոր խաղացողն էր վերջին խաղաշրջանում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---