8 հուլիսի 2016 - 13:28 AMT
Քաղաքապետարան. Օգտագործված իրերը Վերնիսաժի փոխարեն կվաճառեն «Հրազդան»-ում

Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:

Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի Վերնիսաժի այն հատվածում, որտեղ հագուստ, կենցաղային պարագաներ, օգտագործված իրեր էին վաճառվում, հուլիսի 1-ից փակվել է: Այս մասին վաճառականներին հայտնել են դեռ հունիսի սկզբին, ինչպես նաև՝ տեղեկացվել է, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ:

Վաճառողների հիմնական մասը դժգոհ է այս որոշումից:

Մարտի 14-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին Վերնիսաժի տարածքի վարձակալի հետ քննարկել Վերնիսաժի վերակառուցման ծրագիրը: Բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակ է ներկայացվել:

Երևանի քաղաքապետարանում հունիսի հունիսի 27-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, շարունակվում են Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները:

Կարդացեք նաև՝ Ինչպիսին կարող է դառնալ Վերնիսաժը. Նոր տաղավարներ` ավանդական ցուցանմուշների համար