Լևոն Հայրապետյանի գործը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է

Լևոն Հայրապետյանի գործը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռևս ապրիլի 20-ին պաշտոնական գրությամբ դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Այդ մասին ասվում է ՄԻՊ խոսնակ Զոհրապ Եգանայանի հաղորդագրության մեջ, որը տարածվել է ի պատասխան «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ Հայկազ Մակարյանի հայտարարությանն այն մասին, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Լևոն Հայրապետյանի հարցով չի դիմել ՌԴ կողմին:

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին հաստատել է հայտնի գործարար և բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրեն Լևոն Հայրապետյանի դատավճիռը: Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ տվյալ տեղեկատվությունը հրապարակվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով:

Պաշտպան Արման Թաթոյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը: Հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ևս Ա. Թաթոյանը քննարկել է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի հարցը:

Ավելի վաղ իրավապաշտպան Հայկազ Մակարյանը հայտարարել էր, որ ՌԴ-ում բնակվող հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ու դատավարությունն անցել է բացահայտ խախտումներով: «Հայրապետյանը մեղադրվել է շորթման, յուրացման ու խարդախության համար, սակայն առաջին երկուսը հանվել են: Այդ փաստը և նրա ներկայիս վիճակը լիովին մտնում է տնային կալանքի ու պայմանական ազատության մեջ, սակայն դա ապահովելու համար որևէ քայլ չի արվում», - նկատել է Մակարյանը:

Մակարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն:

2016-ի ապրիլին ԼՂՀ դրոշներով և «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ ցուցապաստառներով Երևանում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի:Նախարարության դիմաց «Ազատություն», «Ազատեք մեր բարերարին» կոչերով նրանք պահանջել են վերջ տալ անգործությանը՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով նամակ հանձնելով արտգործնախարարությանը:

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից քայլել են դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենք՝ պահանջելով փոխել գործարար Հայրապետյանի խափանման միջոցը: Ցույցի մասնակիցներն արտաքին գերատեսչությունից պահանջել են անհապաղ կապ հաստատել ՌԴ գործընկերների հետ և փորձել հասնել Հայրապետյանի ազատ արձակմանը:

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ են հանձնել նաև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որով կրկին պահանջել են փոխել հայ գործարար Հայրապետյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան: Նամակը հանձնելուց հետո կազմակերպիչներից Սմբատ Ռոստոմյանը նշել է, որ նման բողոքի ակցիաները շարունակական են լինելու և ամեն ինչ անելու են, որպեսզի հասնեն գործարարի խափանման միջոցը փոխելուն:

Ընթերցեք նաև. Իրավապաշտպան. Հայրապետյանին ազատելու կոչով ցույցերը կշարունակվեն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---