Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Սարի Թաղի դեպքերից

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Սարի Թաղի դեպքերից

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գնդի մոտ, Խորենացի փողոցում, որտեղ մինչև ուշ գիշեր մարդաշատ էր, խաղաղ են լուսացրել. ոստիկանության ծառայողները շարունակում են փակ պահել փողոցը, հատուկենտ քաղաքացիներ քնած են խոտերի վրա, կանաչ տարածքում, հայտնում է Panorama. am-ը:

Խորենացի փողոցում Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առավոտյան շրջանցիկ ճանապարհով բարձրացել է Սարի Թաղ` տեսնելու իրավիճակը. «Իսկապես բախում է տեղի ունեցել, ճանապարհին քարի ու բետոնի կտորներ էին թափված, բարիկադի նման բան էր սարքված: Բարիկադից այն կողմ մոտեցա ոստիկաներին` հեռախոսս և լիցքավորման սարքը ձեռքիս: Գոռում էի` «ես եմ` Աժ պատգամավոր»… բայց չէին լսում: Ասացին` «ցած դիր և վեր բարձրացրած ձեռքերով մոտեցիր»: Ցած դրեցի և վեր բարձրացրած ձեռքերով մոտեցա: Նկարագրում եմ, որ հասկանաք լարված վիճակը», հայտնում է «Առավոտը»:

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել ՊՊԾ գնդի հակառակ կողմում ՝ Սարի Թաղում, բնակիչների ու ոստիկանության ծառայողների միջև։ Միմյանց ուղղված հայհոյանքները վերածվել են բախման, և ոստիկանների ուղղությամբ բնակիչները քարեր էին նետել։ Բախման հետևանքով, հայտարարվեց, որ չորս ոստիկան տուժել է, նրանց շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխել են հիվանդանոց։

Այնուհետև Փաշինյանը խոսել է ոստիկանների հետ: Ասել են` ցանկանում են հրշեջ մեքենա մոտեցնել, որպեսզի մարեն այրվող անվադողերի կրակը (դրանցով բարիկադ էին սարքել), սակայն ավելորդ լարվածություն չստեղծելու համար չեն դիմել այդ քայլին, քանի որ կրակը վտանգավոր չէ: Ըստ Փաշինյանի` բնակիչները դժգոհել են` իրենց թաղն առել են շրջափակման մեջ. «Սարի Թաղ մուտք են գործում ոստիկաններին անձնագիրը ցույց տալուց հետո: Դժգոհ են ոստիկանների վերաբերմունքից»: Թաղի բնակիչները պատգամավորի միջոցով Խորենացի փողոցում հավաքված ակտիվիստներին ուղերձ են փոխանցել. աջակցություն են հայտնում «Սասնա Ծռեր»-ի տղաներին: «Թաղի տղաները վանկարկում էին` «Պավլիկ-Պավլիկ»: Բնակիչները միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին»,-հայտնել է Փաշինյանը: Անդրադառնալով բնակիչների և իրավապահների միջև տեղի ունեցած բախմանը` նա նշել է, որ մեկ ոստիկան գլխի վնասվածք ունի:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ քիչ առաջ զրուցել է Վարուժան Ավետիսյանի հետ, վերջինս ասել է, որ ցերեկը նրանց համար բերել են ջուր և ինչ-որ սնունդ. «Սննդի խնդիր իսկապես կա: Հիմա կփորձեմ ոստիկանության ներկայացուցիչների հետ հարցը քննարկել: Եթե համաձայնվեն, ես պատահական տեղից սնունդ կգնեմ…»: Պատգամավորը միացել է ակտիվիստների` իշխանություններին ուղղված պահանջին՝ հերքել կամ հաստատել` արդյոք պատրաստվո՞ւմ են ռուսական ուժերի ներգրավվածությամբ «գազային հարձակում» իրականացնել ՊՊԾ գնդի տարածքի վրա:

Հուլիսի 19-ի երեկոյան համառորեն տարբեր հայտարարություններ էին տարածվում, թե պատրաստվում են գիշերը գազային գրոհ կազմակերպել «Ալֆա» խմբի կողմից, բայց փաստորեն, գիշերը ոչ մի նման գործողություն չի ձեռնարկվել ու անցել է խաղաղ։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ընթերցեք նաև. Պետդեպը «խստորեն դատապարտում է» ՊՊԾ գնդի գրավումը, սակայն իշխանություններին զսպվածության կոչ է անում

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---