Թուրքիան ժամանակավորապես կասեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը

Թուրքիան ժամանակավորապես կասեցնում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը Թուրքիայի տարածքում կկասեցվի արտակարգ դրության գործողության ընթացքում: Ինչպես հայտնել է NTV հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:

«Մենք ցանկանում ենք, որ արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում պահպանվի 1-1,5 ամիս: Պարետային ժամ չենք նախատեսում: Սակայն, քանի դեռ գործում է արտակարգ դրությունը, ժամանակավորապես կսառեցվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառումը երկրում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, կապված պետական հեղաշրջման փորձի հետ` «առավել արդյունավետ ու արագ քայլեր ձեռնարկելու համար քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները ապահովելու ուղղությամբ»:

Նա նշել է նաև, որ «բացահայտվել են կառուցվածքային և անհատական թերացումներ հետախուզության աշխատանքի մեջ»: Նա հերքել է նախկինում ԶԼՄ-ների տարածած լուրերը խռովությունից հետո անհետացած ռազմանավերի մասին: «Ռազմական տրանսպորտի կորուստներ բանակը չունի»,-ասել է նա:

Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ՌԾՈւ 14 նավ կապ չի հաստատել հրամանատարության հետ: Բացի այդ, հուլիսի 16-ից ի վեր կապ չի հաստատել նավատորմի հրամանատար Վեյսել Քեզելեն: Հայտնի չէ, նրան պատանդ են վերցրել, թե նա ևս միացել է խռովարարներին:

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են:Բախումներում զոհվել է 164 կառավարության աջակից, Reuters հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Թուրքիայի կառավարությունը կքննարկի երկրում մահապատժի վերականգնումը:

Ընթերցեք նաև. Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---