Ոստիկանություն. ՊՊԾ գնդում գործողություն չի ընթանում, տարածքից դուրս ոստիկան է վիրավորվել

Ոստիկանություն. ՊՊԾ գնդում գործողություն չի ընթանում, տարածքից դուրս ոստիկան է վիրավորվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե «Սասնա ծռեր» խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:

«ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ», - հայտնել է Ահարոնյանը:

Ավելի ուշ, նա նաև տեղեկացրել է.

«Երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են»:

«Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից», - հավելել է մամուլի խոսնակը:

Հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ցույցերը ոստիկանների կողմից ցրկել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ:Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Ոստիկանության հետ բախումների ժամանակ, գնդի տարածքից պարբերաբար կրակոցներ են հնչել: Տեղեկատվություն էր տարածվել, որ այնտեղ գործողություններ են սկսվել:

Կարդացեք նաև՝ Սարի թաղում ցույցի ցրման ժամանակ լրագրողներ են բռնության ենթարկվել

ԱՆ. Առնվազն 29 տուժած՝ Խորենացի փողոցում ու Սարի թաղում միջադեպերում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---