12 սեպտեմբերի 2016 - 13:23 AMT
Հրադադարը Սիրիայում ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ի երեկոյան

Հրադադարը Սիրիայում կսկսվի սեպտեմբերի 12-ի մայրամուտին, երբ մեկնարկում է մահմեդական Ղուրբան Բայրամ տոնը: Հրադադարը կսահմանվի ըստ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածության և կտևի 10 օր, որին կհաջորդեն երկու երկրների օդային գործողությունները ջիհադական խմբավորումների դեմ:

Սիրիական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ողջունել է հրադադարի հաստատումը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե կհամաձայնվեն արդյոք ապստամբ խմբավորումները զենքերը վայր դնել:

Սիրիայի ազատ բանակն իրազեկել է ԱՄՆ-ին, որ մտադիր է «դրական համագործակցել» հրադադարի շրջանակում, սակայն մտահոգված է, որ դա բխում է Սիրիայի իշխանությունների շահերից:

Մեկ այլ ապստամբ խմբավորում` «Ահրար աշ Շամը», որը կոշտ իսլամիստական կողմնորշում ունի, մերժել է համաձայնությունը:«Ապստամբած ժողովուրդը, որը 6 տարի շարունակ պատերազմել է և տառապել, չի կարող բավարարվել կիսատ միջոցներով»,-ասել է խմբավորման հրամանատարի տեղակալ Ալի ալ Օմարը տեսաուղերձում: Սակայն նա միանշանակ չի հայտարարել, թե ապստամբները չեն պահպանելու հրադադարը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության եկան Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու. ՌԴ և ԱՄՆ զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։