Լավրով. Սիրիայում հրադադարը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում

Լավրով. Սիրիայում հրադադարը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - Սիրիայում 48 ժամով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը պետք է հաստատվի 7 օրվա ընթացքում, ինչից հետո կստեղծվի ահաբեկիչների և չափավոր ընդդիմության տարանջատման կենտրոն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ավելի քան 14 ժամ տևած հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրանք ընդհանուր առմամաբ համաձայնության են եկել 5 փաստաթղթի շուրջ, որոնց բովանդակությունը, սակայն, «փակ կմնա» այնտեղ պարունակվող զգայուն տեղակատվության պատճառով: Ինչպես հայտնի է դարձել Լավրովի և Քերիի հայտարարություններից մամուլի ասուլիսում, հաջողվել է համաձայնության հասնել սեպտեմբերի 12-ից Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ: Կողմերը համաձայնվել են նաև ընդդիմադիրների և ահաբեկիչների զատման հատուկ ռուս-ամերիկյան կենտրոն ստեղծելու. ՌԴ և ԱՄն զինուժի գործողությունների շրջանները տարանջատելու, Հալեպին հումանիտար օգնություն հասցնելու մասին:

«Երբ ռեժիմը հաստատվի, մենք կստեղծենք գործադիր կոմիտե, որում ԱՄՆ-ի և ՌԴ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու զինվորականները կզբաղվեն գործնական հարցերով՝ տարանջատելով ահաբեկիչներին ու ընդդիմությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ փաստաթղթում ամրագրվել են ՄԱԿ-ի և «Կարմիր մահիկի» հետ համակարգմամբ մարդասիրական օգնություն հասցնելու մեխանիզմները՝ առաջին հերթին Հալեպ։ Նաև համաձայնեցվել է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների արձագանքման ընթացակարգը:

Լավրովը, սակայն, նշել է, որ Սիրիայի հարցով համաձայնության իրագործման 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, որովհետև «շատ խաղացողներ են ներգրավված այս գործում»։

Չինաստանում «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը: Քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիան: Հուլիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական պայքարի վերաբերյալ, որը «կխորացներ ռազմական գործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում»: Փոխարենը Ռուսաստանը պետք է համոզեր Ասադի կառավարությանը դադարեցնել ապստամբների ռմբակոծությունները, որոնց սատարում է ԱՄՆ-ն:

Կարդացեք նաև՝The Washington Post. Սիրիայի հարցով Վաշինգտոնի «վերջին առաջարկը» Մոսկվային

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---