12 սեպտեմբերի 2016 - 15:25 AMT
Սահակյանը հանդիպել է թալիշցիներին. Քննարկվել են սոցիալ-կենցաղայան խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանը մայիսի 25-ին ԼՂՀ-ում հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ: Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորը խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Իսկ հունիսի 6-ին Սահակյանն այցելել է քաղաք Չարենցավան և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետևանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, խնդիրներով և հետագա ծրագրերով՝ նշելով, որ այդ հարցերը մշտապես գտնվում են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Կարդացեք նաև՝ Թալիշի երեխաները. գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին