10  01.06.16 - Թալիշի երեխաները. Գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին
Թալիշի երեխաները

Թալիշի երեխաները

Գյուղի, կարոտի, վերադարձի, երազանքների, պատերազմի մասին

Հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ Թալիշ գյուղի երեխաները դիմավորում են իրենց հայրական տներից հեռու՝ Չարենցավանում:

PanARMENIAN.Net - PAN-ն այցելել է Թալիշից տեղահանված ընտանիքներին, խոսել երեխաների հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրանց:

Էրիկ, 13 տարեկան

Թալիշը շատ եմ կարոտում, մեր տունը: Ընկերներս հիմա ստեղ են, կստացվի՞ վերադառնալ՝ երևի չէ. կարող ա էլի կրակեն: Ինձ դուր չի գալիս, որ գյուղում չենք, իսկ ստեղ դուր ա գալիս էն, որ չեն կրակում ընկերներիս: Իհարկե Թալիշը կընտրեմ, բայց եթե խաղաղ լինի: Երևի մեր գյուղից բացի էլի տեղեր կլինեն, որ կարող են իմ տունը դառնալ, բայց եթե մտերիմներս իմ հետ լինեն:

Իսկ եթե Ղարաբաղ, ապա միայն Թալիշ, Ղարաբաղում ուրիշ տեղ չեմ ուզում ապրել, միայն էնտեղ: Թալիշում դեռ ուզում էի կարատեով զբաղվել, ամառային արձակուրդին կգնամ՝ կարատեի խմբակ կա ստեղ:

Ինչու՞ են պատերազմում: Հողերի համար, ուզում են մեր հողերը, իսկ մեր զինվորները չեն թողնում:

Ալեքս, 9 տարեկան

Այստեղ ինձ լավ եմ զգում: Ստեղ ապահով ա:

Երազում եմ Թալիշի մասին, կարոտում եմ: Պապան ասաց, որ տանելու ա՝ գյուղը տեսնեմ: Գյուղում ապրելու ժամանակ երազում էի բռնցքամարտիկ դառնալ, իսկ Չարենցավանում մաման ասում ա, որ պիտի և՛ նկարչության գնամ, և՛ երաժշտության, և՛ ֆուտբոլի, բոքսի: Կհասցնեմ դե բոլորը, երևի:

Յուրա, 14 տարեկան (4 տարի ապրում է Չարենցավանում)

Երբ իմացա, որ գյուղում այդպես է, բարեկամների համար էի վախենում, երբ եկան՝ հանգստացա: Բայց հարմարվելը իրանց համար դժվար ա: Տխուր ա, որ չեմ կարա վերադառնամ, բայց ժամանակը կգա՝ կգնանք, անպայման չի հիմա լինի, ժամանակը կգա էն ժամանակ, երբ խաղաղ լինի: Ուզում եմ գնալ-գալ, բայց երևի թե ոչ ապրել Թալիշում:

Երազանքների մասին մի գրեք (ծիծաղում է):

«Ադանա» քաղաքային թիմում եմ ֆուտբոլ խաղում, հարձակվող եմ, եթե դառնամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ լավ կլինի:

Պատերազմ չեմ տեսել, մեր ժամանակ էդքան չեն կրակել, իրանք իրանց տարածքն են մեծացնում, կարող ա ուզում են հայերին բնաջնջեն, չգիտեմ:

Երևի էնդեղ էրեխեքը նույն ձև են խաղում ֆուտբոլ, կամ ուրիշ ձև: Կուզեի իրանց էրեխեքի հետ ֆուտբոլ խաղալ, շփվել, որ մոտիկից տենայի, ճանաչեի, տեսնեի ինչում է խնդիրը, ինչպիսին են, ինչով են տարբերվում, հասկանայի իրանց:

Խաղաղություն չի լինի... ուզում եմ, բայց համոզելով չի, եսիմ... Իրանք հողերն են ուզում, իսկ մենք չենք ուզում տալ:

Ռուզաննա, 9 տարեկան

Ուզում եմ վերադառնալ: Գյուղը, տունը, իմ ընկերներն ուրիշ տեղ են, երևի նորից կտեսնեմ իրանց, մտածում եմ ոնց անեմ, որ տեսնեմ:

Թալիշում ուզում էի լավ սովորել, բարերար դառնալ, գլուղը ավելի լավը դարձնել: Ուզում էի դպրոցը վերանորոգվեր մեր, մի մասը սարքած էր, մի մասը՝ քանդված, ուզում էի սարքեի, երբ մեծանայի:

Իսկ ստեղ լավ ա ամեն ինչ, դեռ անելու բան չեմ մտածել իմ համար, հիմա արդեն ուզում եմ բժիշկ դառնալ, ստեղ նոր եմ մտածել դա, ուզում եմ մարդկանց օգնել:

Դպրոցում ընկերուհիներ արդեն ունեմ: Խաղում ենք բակում, տարբերություն չկա:

Պատերազմը տեղ ա, որտեղ կռվում են թշնամիները, չգիտեմ ինչի են թշնամի, երևի որովհետև նախանձում են. մեր գյուղերը սիրուն են, իրանցը՝ գեշ, մարդիկ բարի են, պաշտպանվում են:

Միլենա, 4 տարեկան

Երազում եմ մանկապարտեզում դասատու լինել: Մանկապարտեզը հիշում եմ, կարոտում եմ ընկեր Գոհարին, Վահրամին, Մանեին, ուրիշներին:

Ստեղ ուզում եմ գնամ մանկապարտեզ: Բակում ապերիկի հետ եմ խաղում:

Մարիաննա,13 տարեկան

Մարդկանց մեջ այդքան էլ տարբերություն չեմ զգում, երկու հոգի դասարանից կա, որ ստեղ են, կապ ենք պահպանում: «Թալիշի մարդկանց, մըն տունը, մըն բնությունը, մըն դպրոցը, ամեն ինչը կարոտում եմ»:

Ամեն ինչ լավ ա ստեղ, վատ բան չկար: Գյուղի կրակոցները ստեղ չկան: Բայց չեմ հարմարվում, ազատ չեմ ստեղ, կրակոցներին էլ եմ սովորել, եթե խաղաղ էլ չլինի, անգամ եթե նույն կրակոցները լինեն՝ մեկ ա ուզում եմ վերադառնալ... բայց չի ստացվի: Ձև չեմ գտնում վերադառնալու:

Որտեղ էլ լինեմ, ուզում եմ ... (Քույրը՝ Ռուզաննան, կողքից հուշում է, թե ով է ուզում դառնալ՝ ասելով նախ շատ ցածր «դիպուկահար», հետո՝ «չէ ոստիկան»):

«Ոստիկան, որ հանցագործներին բռնեմ: Պատերազմը անկապություն ա, առանց իմաստի», - ասում է Մարիաննան:

Դիանան, Էդիկը և Ռուզաննա և Սյուզաննա երկվորյակները

Դիանա, 13 տարեկան

Պաշտպանված եմ ուզում լինել, ուզում եմ դիպուկահար դառնալ: Սիրում եմ զենքը, ուզում եմ մարդկանց պաշտպանել: Զենքեր դպրոցում եմ տեսել՝ ռազմագիտության դասի ժամանակ, վերցրել եմ ձեռքերի մեջ, դուր է եկել տեսքը, կրակել չեմ փորձել, կուզեի սովորել: Պապայիս կասեմ՝ ինձ կսովորացնի, պապան կամավոր է, գյուղն է պաշտպանում:

Ընկերներիս եմ կարոտում, չգիտեմ հիմա իրանք որտեղ են, ստեղ չեն, բաժանվել եմ իրանց հետ: Մի օր իրար կգտնենք, երևի երբ Թալիշ նորից հասնենք:

Էդիկ, 10 տարեկան

Երազում եմ ըմբշամարտիկ դառնալ, ստեղ պարապում եմ, Թալիշում սեկցիա չկար: Արդեն մի ամիս եմ գնում, ուզում եմ չեմպիոն դառնալ: Մարզիչը լավն ա, ասում ա, թե իմ մոտ լավ ա ստացվում: Սիրում եմ նաև կարատե, դրան էլ եմ ուզում գնալ, դասերի հետ կհասցնեմ:

Ռուզաննա, Սյուզաննա, երկվորյակներ, 8 տարեկան

(Սյուզաննա) Ամեն օր հիշում եմ մեր տունը, հայաթը: Ստեղ էլ ենք խաղում, բայց Թալիշում ավելի լավ է: Երազում եմ բժիշկ դառնալ:

(Ռուզաննա) Երազում եմ երգչուհի դառնալ:

Ստեղ դեռ մեզ չեն տարբերում նոր մարդիկ: Դպրոցում լավ ա, ուսուցիչները լավն են, բայց Թալիշի դասարանցիները չկան: Մրգերը ավելի համով են Թալիշում, բայց ստեղ էլ համով են: Թալիշում ավելի լավ է:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---